ԱԺ մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ հավանության է արժանացրել հարկային ոլորտը կանոնակարգող նախագծերը

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հունվարի 15-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք օրենքների նախագծեր:

««Երկակի նշանակության ապրանքների արտահանման, Հայաստանի Հանրապետության տարածքով դրանց տարանցիկ փոխադրման, ինչպես նաև երկակի նշանակության տեղեկատվության և մտավոր գործունեության արդյունքների փոխանցման նկատմամբ հսկողության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և ««Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո փոփոխությունները միայն բովանդակային բնույթ են կրել: ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը: Հիմնական կարգավորումները՝ այստեղ:

Նախարարի խոսքով՝ հիմնական նպատակը գործարար միջավայրի, հատկապես՝ տեխնոլոգիական խոշոր ընկերությունների համար բարենպաստ պայմանների ապահովումն է:

ՀՀ հարկային օրենսգրքում առաջարկվող լրացումները քննարկման է ներկայացրել ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը:

Նշվել է, որ փոփոխությամբ կարգավորումը տարածվելու է 2021 թվականի հունվարի մեկից ծագած իրավահարաբերությունների վրա: Այսինքն՝ երբ շտկումներ կկատարվեն, համապատասխանաբար գույքահարկի հաշվարկի մեխանիզմը կգործի, և տարբերությունը կվճարի քաղաքացին, իսկ տարբերության մասով հաշվարկվող տույժերն օրենքի ընդունումից հետո կզրոյացվեն:

ԱԺ պատգամավորներ Ալխաս Ղազարյանի, Հակոբ Արշակյանի, Բաբկեն Թունյանի, Սոնա Ղազարյանի, Արուսյակ Ջուլհակյանի, Արսեն Թորոսյանի, Մարիամ Պողոսյանի և Հասմիկ Հակոբյանի հեղինակած «Առևտրի և ծառայությունների մասին» և կից օրենքներում փոփոխություններ առաջարկող օրենսդրական փաթեթը խորհրդարանն արդեն ընդունել է առաջին ընթերցմամբ:

Առաջին ընթերցումից հետո Կառավարությունը ներկայացրել է տեխնիկական փոփոխության մեկ առաջարկ: Համահեղինակ Ալխաս Ղազարյանը հնչեցրել է իր առաջարկը, որը ևս տեխնիկական բնույթի էր:

«Թանկարժեք մետաղների մասին» օրենքում նախատեսվող փոփոխությունը և լրացումները ևս քննարկվել են երկրորդ ընթերցմամբ: ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը պարզաբանել է, որ նախաձեռնության շահառուները թանկարժեք զարդեր արտադրելու և վաճառելու իրավունք ունեցողներ են, որոնք դա իրականացնում են հատուկ տարբերանշանի առկայությամբ: Հիմնական կարգավորումները՝ այստեղ:

Առաջին ընթերցումից հետո փոփոխություններ չեն եղել: Հիմնական զեկուցողի առաջարկով օրենքն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակումից 6 ամիս հետո:

Աղբյուրը՝ 1lurer.am