NEWS.am. Արդեն կարող ենք արձանագրել, որ 2025 թվականի բյուջեն էլ ենք թերակատարելու. Սուրեն Պարսյան

«2024 թվականը տնտեսական ցուցանիշներով բավական հետաքրքիր տարի էր, քանի որ տարվա առաջին կեսին մենք ունեցանք երկնիշ տնտեսական աճ, այնուհետև այն նվազեց՝ հասնելով մոտ 7 տոկոսի։ Հարկային հավաքագրումների վրա սա ևս իր ազդեցությունն է ունեցել»։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Սուրեն Պարսյանը՝ խոսելով այն մասին, թե ինչու՞ են 2024 թվականին հարկերը նախատեսվածից պակաս հավաքագրվել։

«Մյուս գոծոնը կայանում է նրանում, որ մենք խնդիր ունենք աճի որակի հետ, այսինքն աճը, որ մենք արձանագրել ենք 2024 թվականի ընթացքում, չի գեներացրել հարկային մուտքեր պետական բյուջե։ Ո՞րն էր այդ աճը. ոսկու, ադամանդի, տարբեր սարքավորումների  վերաարտահանում։ Այս ամենից շատ փոքր հարկային մուտքեր գեներացվեցին։ Մենք ունեցանք ոսկու մոտ 5 մլրդ դոլարի չափով վերաարտահանում, բայց այս մեծածախ առևտրաշրջանառությունից հարկային բյուջե շատ փոքր գումար մուտք գործեց, քանի որ ոսկին ներկրվում է Ռուսաստանից՝ առանց հարկ վճարելու, և վերաարտահանվում է Հայաստանից՝ դարձյալ առանց հարկ վճարելու։ Բայց մեր առևտրաշրջանառության և ՀՆԱ–ի ցուցանիշի վրա էական ազդեցություն թողեց, և սրա արդյունքում մենք ունենք մոտ 7 տոկոս տնտեսական աճ և անցած տարվա համեմատ հարկային մուտքերի աճ՝ մոտ 5 տոկոսի շրջանակում»,–ասաց տնտեսագետը։

Սուրեն Պարսյանի խոսքով, 2024 թվականին մոտ 225 մլրդ դրամի չափով նախատեսվածից պակաս հարկ է հավաքագրվել։ Նա նշեց, որ դրա պատճառներից մեկն էլ այն է, որ 2024 թվականին գնաճը աննախադեպ ցածր է եղել՝ 0.3 տոկոս։ 

«Այս ցածր գնաճի պայմաններում ներկրվող և Հայաստանում վաճառվող ապրանքներից հարկվող գումարները նվազում են, սա էլ իր ազդեցությունն է ունեցել հարկային մուտքերի վրա։ Հարկային մուտքերի վրա նաև էական ազդեցություն է թողել հարկային վարչարարությունը։ Պետք է նշենք, որ դանդաղել է ստվերի բացահայտման գործընթացը։ Մենք ունենք մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ խնդիրներ, որոնք առաջացրել են հարկային եկամուտների նվազում։ Ցավոք սրտի, մենք այս թերակատարումից հետևություններ չենք արել, և այս անհասկանալի տրամաբանությամբ  նաև պլանավորել ենք 2025 թվականի պետական բյուջեն։ Արդեն կարող ենք արձանագրել, որ 2025 թվականի բյուջեն էլ ենք թերակատարելու, որովհետև 2024 թվականին նախատեսել էինք 2.6 տրիլիոն դրամ և թերակատարել են, հիմա 2025 թվականի համար նախատեսել են 2.9 տրիլիոն դրամ։ Դա ևս թերակատարվելու է, եթե չունենք բարձր գնաճ՝ օրինակ, 10 տոկոսի չափով և դրա հաշվի պետական բյուջեի անվանական մուտքերի աճ, բայց անշուշտ, դրա գնողունակությունն ավելի ցածր է լինելու»,–նշեց Սուրեն Պարսյանը։

Աղբյուրը՝   NEWS.am