ԱԺ-ում քննարկվել է «Ներդրումային ֆոնդերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը
Ազգային ժողովի հունվարի 21-ի նիստում «Ներդրումային ֆոնդերի մասին» օրենքի նախագիծը` կից օրենսդրական փաթեթով երկրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ԿԲ նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը:
Հիմնական զեկուցողը նշել է, որ այս ֆոնդերը հասել են մոտավորապես 135 մլրդ դրամի և էական նշանակություն ունեն ՀՀ կապիտալի շուկայի մասնակցության մեջ:
Առաջինից երկրորդ ընթերցում մեկ բովանդակային փոփոխություն է եղել. ոչ հրապարակային ներդրումային ֆոնդերը կառավարող կառավարիչներին կամ իրականացնող անձանց հնարավորություն է ընձեռվել ԿԲ թույլտվությամբ կառավարելու նաեւ այլ ֆոնդեր, որ վերջիններս նոր ընկերություններ չվերագրանցեն եւ իրենց գործունեությունը կարողանան անընդմեջ ծավալել:
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:
««Երկակի նշանակության ապրանքների արտահանման, Հայաստանի Հանրապետության տարածքով դրանց տարանցիկ փոխադրման, ինչպես նաև երկակի նշանակության տեղեկատվության և մտավոր գործունեության արդյունքների փոխանցման նկատմամբ հսկողության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և ««Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո բացառապես տեխնիկական բնույթի առաջարկներ են ներկայացվել, որոնք ընդունվել են, բովանդակային փոփոխության նախաձեռնությունը չի ենթարկվել: Հիմնական կարգավորումները` այստեղ:
Հարցը քննարկման է ներկայացրել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը:
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Նարեկ Ղահրամանյանը տեղեկացրել է, որ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել:
ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը կարևորել է նախաձեռնությունը և փաստել. «Պարզեցված ընթացակարգով, ենթադրում եմ, որ ՊԵԿ-ում արագ կստեղծվի գրադարան, որտեղ կգրանցվեն բոլոր նմանատիպ սարքավորումները, որոնք արդեն անցել են այս կամ այն տնտեսավարողի կողմից փորձաքննությունը: Դրանց եզրակացություններն այդտեղ կներբեռնվեն, եւ անկախ այն հանգամանքից, թե որ ընկերությունն է նույն տեսակի ապրանք բերում, արդեն կանցնի այդ ընթացակարգով, համապատասխան փաստաթղթերը եւ փորձաքննությունն այլեւս անհրաժեշտ չեն լինի: Սա շատ կարեւոր է նաեւ ռազմարդյունաբերության, տեխնոլոգիական ընկերությունների զարգացման համար»: