Sputnik. ԵՏՀ խորհուրդը հավանություն է տվել «խելացի» փոխադրումների միասնական համակարգի հայեցակարգին

 Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը (ԵԱՏՄ գործադիր մարմին) հաստատել է միության երկրների խելացի տրանսպորտային համակարգերի փոխգործակցության բարելավման հայեցակարգը։ Այս մասին հայտնում է ԵՏՀ մամուլի ծառայությունը։
Հայեցակարգի համաձայն՝ միության երկրները կստեղծեն միասնական տեղեկատվական տարածք, որտեղ փոխադրողները կստանան ստանդարտացված տեղեկատվություն եղանակային պայմանների, հնարավոր խցանումների և ճանապարհատրանսպորտային պատահարների մասին։
Հաշվի առնելով, որ երկրներն արդեն ստեղծում են նման համակարգեր ազգային մակարդակով, նրանք կաշխատեն նրա վրա, որ տեղեկատվությունը հնարավորինս արագ փոխանցվի մի երկրից մյուսը, ինչը կօգնի անդրսահմանային փոխադրումների հարցում:
Այսօր հաստատվել են նաև ԵԱՏՄ դեղերի գրանցման և փորձաքննության կանոններում արված փոփոխությունները։ Բացի սովորական դեղամիջոցներից, ԵՏՀ-ն ցանկանում է կարգավորել նաև այն դեղամիջոցները, որոնց փաթեթավորման մեջ լրացուցիչ սարքեր են ներառված՝ ներարկման միջոցներ, չափիչ բաժակներ, գդալներ և այլն։
Այսուհետ նման դեղերի գրանցման համար փաստաթղթեր ներկայացնելիս արտադրողը պետք է ներկայացնի այդ սարքերի որակն ու ֆունկցիոնալությունը հաստատող փաստաթղթեր։
Աղբյուրը՝ arm.sputniknews.ru