Իրանի և ՌԴ–ի դեմ պատժամիջոցները մարտահրավեր են ՀՀ տնտեսության համար. ՀՀ ԱՀԾ
Ռուսաստանի և Իրանի նկատմամբ գործող պատժամիջոցներըՀայաստանի համար կարևոր տնտեսական մարտահրավեր են. դրա հետևանքով առկա տնտեսական ներուժի օգտագործումը սահմանափակված է երկրորդային պատժամիջոցների ռիսկերով։ ՀՀ արտաքին հետախուզության ծառայության «ՀՀ արտաքին անվտանգության ռիսկերի վերաբերյալ» տարեկան զեկույցում նշվում է, որ երկրորդային պատժամիջոցների ավելացման պայմաններում Հայաստանի տնտեսությունը կբախվի նոր սահմանափակումների:
Քիչ հավանական է համարվում, որ 2025 թվականին թե՛ Ռուսաստանի, թե՛ Իրանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկում կամ մեղմացում լինի, որը կարող էր Հայաստանի տնտեսության համար ունենալ էական ազդեցության։
«Հետևաբար՝ երկրորդային պատժամիջոցներով պայմանավորված ռիսկերը Հայաստանի համար 2025 թվականին արդիական կմնան»,–նշված է զեկույցում։
Շեշտվում է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների շարունակական կիրառման, ռուս-ուկրաինական հակամարտության և էական այլ գործոնների համադրությունը բարձրացնում է Ռուսաստանում տնտեսական աճի դանդաղման հավանականությունը, հավելյալ ռիսկեր ստեղծում նաև Հայաստանի տնտեսության համար։