ՀՀ-ից դեպի ԵՄ արտահանման ժամանակավոր արտոնություն կգործի
ՀՀ-ից արտահանումը կդիվերսիֆիկացվի, իսկ դեպի Եվրամիություն արտահանման համար արտոնություն կգործի։ Կառավարությունը հաստատեց արտոնությունը, որը կգործի 2025 թ փետրվարի 1–ից մինչև 2026 թ, դեկտեմբերի 31–ը ներառյալ։
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի խոսքով, ՀՀ-ից արտահանվող պատրաստի ապրանքների հետ կապված խնդիրներ կան, տրանսպորտային ծախսեր։ Այդ իսկ պատճառով կառավարությունը որոշել է արտահանվող որոշ ապրանքների դեպքում տնտեսվարողներին տալ մաքսատուրքի չափով աջակցություն, եթե իրենց ապրանքներն արտահանում են ԵՄ 27 երկիր և Միացյալ Թագավորություն։
«Նպատակն է ավելացնել հայկական ապրանքների մրցունակությունը, ինչպես նաև վերականգնել այն մրցակցային հարաբերությունները, որոնք ձեռք էինք բերել 2009 թ. հունվարի 1–ից GSP+ համակարգի միջոցով։ Այս համակարգի շնորհիվ ՀՀ–ն օգտվում էր ԵՄ ընձեռած արտոնություններից, որոնք մեզ հնարավորություն էին տալիս մշակող արդյունաբերության հայկական ծագման ավելի քան 6 200 ապրանք ԵՄ շուկա արտահանել կա՛մ զրոյական մաքսատուրքով, կա՛մ նվազեցված մաքսատուրքով։ Այնինչ ՀՀ–ն 2022 թ. հունվարի 1–ից չի օգտվում GSP+ համակարգից. երբ Համաշխարհային բանկի կողմից երկիրը երեք տարի անընդմեջ դասակարգվում է որպես միջին կամ միջինից բարձր ունեցող տնտեսություն, ապա երկիրն այդ արտոնությունից զրկվում է։ ՀՀ–ն 2018 թվականից հետո 3 տարի անընդմեջ ճանաչվեց բարձր կամ միջինից բարձր եկամուտ ունեցող պետություն»,– հայտարարեց նախարարը։
Պապոյանը նշեց, որ այս արտոնությունը չի չի վերաբերելու ծխախոտային արտադրանքին, հիմնական մետաղների արտադրությանը, ոսկերչական արտադրատեսակների, թանկարժեք զարդերի արտադրության արտահանմանը։ Արտոնությունը կվերաբերի սննդի, տեքստիլ արդյունաբերության ապրանքների, ալյումինի փայլաթիթեղի և այլնի արտահանմանը։
Նախարարի խոսքով` այս աջակցությամբ ակնկալում են, որ ամեն տարի դեպի ԵՄ արտահանումը կաճի 20 տոկոսով։