Մեկնարկել է «Ռիսկերի խելամիտ կառավարման մոտեցումը դրամավարկային քաղաքականությանը» 2-րդ ամենամյա գիտաժողովը
Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը գիտաժողովի բացմանն ասել է, որ միջոցառման նպատակն է խթանել երկխոսությունը՝ արագ փոփոխվող աշխարհում քաղաքականության, ռազմավարության եւ մարդկային ջանքերի վերաբերյալ:
«FPAS Mark II համակարգի ներդրման որոշումը մեզ համար ավելին էր, քան ռազմավարության վերանայում: Այն մեր հանձնառությունն էր՝ դրամավարկային քաղաքականության թափանցիկության եւ հուսալիության նկատմամբ: Այսօր՝ մեկ տարի անց, մենք ամփոփում ենք այն առաջընթացը, որին հասել ենք այս գործընթացում: Լինելով առաջին երկիրը, որ ներդրել է FPAS Mark II համակարգը, Կենտրոնական բանկը պատրաստ է կիսվել իր փորձով՝ նպաստելով այլ կենտրոնական բանկերի արդյունավետության բարելավմանը»,- ասել է Մարտին Գալստյանը:
Նշվում է, որ FPAS Mark II համակարգի հաջողությունը հիմնված է թափանցիկության վրա, որն ապահովվում է՝
1. Դրամավարկային քաղաքականության զեկույցների նոր ժամանակացույցով՝ զեկույցները հրապարակվում են քաղաքականության որոշումներին զուգահեռ, ժամանակին տեղեկացնելու նպատակով:
2. Թափանցիկության հաշվետվություններով՝ ներառելով խորհրդի անդամների քվեարկության արդյունքները եւ անհատական տեսակետները:
3. Շահառուների ներգրավմամբ՝ մամուլի ասուլիսների եւ վերլուծաբանների հետ կանոնավոր քննարկումների միջոցով: