ՄՊՀ. Գազի թերլիցքավորումը կկանխվի չիպերով
Չիպերի միջոցով նախատեսվում է լուծել գազալցակայաններում առկա թերլիցքավորման խնդիրը։
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանն ասուլիսում անդրադարձել է հեղուկ և մեթան գազի շուկաներում արձանագրված խնդիրներին. «Շուկայում խնդիր նկատել ենք. թերլիցքավորման մասին է խոսքը։ Մի տնտեսվարողի վերաբերյալ շուկայի տեսչական մարմնից ստացած ազդակի արդյունքում ստուգում ենք իրականացրել, ու պարզվել է, որ լիցքավորման մեջ 30% խաբում է։ Ենթարկել ենք պատասխանատվության, ընդ որում` բավականին մեծ չափով։ Այժմ փորձում ենք մեխանիզմ մշակել, որի դեպքում խաբեությունների թիվն օբյեկտիվորեն պակասի։ Մտածում ենք չիպերի միջոցով տեխնիկական լուծում տալ, որի միջոցով կկարողանան իրական ժամանակում տեսնել մուտքի և ելքի քանակը»:
Նրա խոսքով` գազալցակայաններում տեղադրված բալոններով ցանկացած սպառող կկարողանա ստուգել լիցքավորման քանակը: Դա կնպաստի ռեպուտացիոն ռիսկի աշխատելուն:
Անդրադառնալով հեղուկ գազի շուկայում գների տատանումներին` նա նշեց, որ դինամիկան բավականին նորմալ է, գների փոփոխությունը միայն հայաստանյան իրավիճակ չէ, աշխարհում գինը բարձրանում է, հետևաբար Հայաստանում էլ է բարձրանում, նույնն էլ` գինն իջնելու դեպքում։