Modex. Մոլիբդենը ներառվել է առաջատար ապրանքների ցանկում

Modex խորհրդատվական ընկերությունը ֆերսբուքյան գրառման մեջ անդրադառնում է Հայաստանում մոլիբդենի արտադրության հեռանկարին: Հրապարակման մեջ ասվում է.
ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ Ameria Management Advisory խորհրդատվական ընկերությունը, Մոդեքս խորհրդատվական ընկերությունը և միջազգային փորձագետ Անդրեաս Կլասենը մշակել են Հայաստանի արտահանման ռազմավարական ծրագիրը, որտեղ մոլիբդենը ներառվել է առաջատար ապրանքների ցանկում։ Առաջիկա տարիներին, սպասվում են առանձին գործողություններ, որոնք հնարավորություն կտան Հայաստանի դիրքերն ամրապնդել մոլիբդեն արտադրողների «համաշխարհային քարտեզում»։ Ժամանակակից արդյունաբերությունում մոլիբդենը հաճախ կիրառվում է համաձուլվածքների մեջ՝ իր ֆիզիկաքիմիական հատկությունների շնորհիվ ապահովելով սարքավորումների կամ առանձին դետալների երկարակեցությունը և դիմացկունությունը տարբեր կորոզիոն միջավայրերում, ինչի շնորհիվ այդպիսի համաձուլվածքները լայնորեն կիրառվում են հրթիռների, քիմիական և դեղագործական արդյունաբերության սարքավորումների, բարդ ճարտարապետական կոնստրուկցիաների արտադրության մեջ:
Հայաստանը մոլիբդենի արտադրության համաշխարհային առաջատարներից է՝
2023 թ-ին աշխարհում մոլիբդենի արտադրությամբ Հայաստանը գտնվում է վեցերորդ տեղում՝ 10,900 տոննա ցուցանշով (համաշխարհային արտադրության շուրջ 4%-ը),
2023թ-ի տվյալներով մոլիբդենի (ներառյալ ֆեռոմոլիբդենի) գծով Հայաստանի հարաբերական մրցակցային առավելությունը (հաշվարկված Բալասայի ինդեքսով) եղել է 171,
Մոլիբդենի արտադրությամբ Հայաստանը զիջում է միայն Չինաստանին, Չիլիին, ԱՄՆ-ին, Պերուին և Մեքսիկային, չնայած այս ամենին Հայաստանը Մոլիբդենի միջազգային ասոցիացիայի (IMOA-ի) անդամ չէ։
Հարաբերական մրցակցային առավելության հայեցակարգի հեղինակը անգլիացի հայտնի տնտեսագետ Դեյվիդ Ռիկարդոն է: Ժամանակակից տնտեսագիտության մեջ հարաբերական մրցակցային առավելությունը հաշվարկվում է հունգարացի տնտեսագետ Բելա Բալասայի մշակած ինդեքսով՝ երկրի ընդհանուր արտահանման մեջ տվյալ ապրանքի արտահանման մասնաբաժինը հարաբերելով աշխարհի ընդհանուր արտահանման կառուցվածքում տվյալ ապրանքի արտահանման մասնաբաժնի վրա։