Հնարավորություննե՞ր, թե՞ խնդիրներ. Հայաստանի տնտեսությունը ռուս-ուկրաինական պատերազմի ազդեցության ներքո

2022 թվականի փետրվարի 24-ին մեկնարկած ռուս-ուկրաինական պատերազմը դարձավ համաշխարհային տնտեսության վրա ազդող գլխավոր գործոններից մեկը, իսկ Հայաստանում՝ տնտեսական կառուցվածքի վերափոխման պատճառ։ Սակայն հարցն այն է՝ այս փոփոխությունները Հայաստանին բերե՞լ են նոր հնարավորություններ, թե՞ խորացրել են առկա խնդիրները:

Բավական է նկատել, որ օրինակ՝ 2020 թվականին համավարակի և պատերազմի հետևանքով Հայաստանում գրանցվեց՝ 7.2% տնտեսական անկում, իսկ դրան հաջորդող տարում հնարավոր չեղավ գոնե նույնչափ աճ գրանցել և ունեցանք ընդամենը 5.7% ՀՆԱ-ի աճ։ Իսկ այդ աճի վրա հետագա տարիներին հնարավոր եղավ արդեն բարձր աճեր գրանցել հիմնականում հենց Ռուսաստանից , Բելառուսից, Ուկրաինայից եկած մարդկանց, դրամական հոսքերի, նաև դրանցից ածանցվող այլ գործոններով պայմանավորված։

2022-ի տարեսկզբի 2 ամիսներին՝ հունվար-փետրվարին արձանագրվել էր տնտեսական ակտիվության ցուցանիշի 12 տոկոս աճ, ինչը հետագայում տարբեր պաշտոնյաներ փորձում էին որպես հակափաստարկ ներկայացնել ռուս-ուկրաինական պատերազմի ազդեցությամբ պայմանավորված տնտեսական բարձր աճ ունենալու դեմ, սակայն չէին «նկատում», որ դա պայմանավորված էր միայն 2021-ի հունվար-փետրվարին դեռևս պահպանված քովիդի ծանր հետևանքներով և 6.7% անկման դիմաց էր այդպիսի աճ գրանցվել: Այնինչ 2021-ի մարտից արդեն աճ էր գրանցվել ու պարզապես հնարավոր չէր լինելու ունենալ այն արդյունքը, ինչը փաստացի գրանցվեց 2022-ի տարվա արդյունքներով՝ շոկային ազդեցությունների շնորհիվ։

Ի՞նչ եղավ պատերազմի մեկնարկից հետո
Մինչև բազմաթիվ փորձագետներ գուժում էին պատերազմի պատճառով սպասվող տնտեսական վատ հետևանքների մասին, Հայաստան տեղափոխվեցին մեծ թվով ռելոկանտներ հիմնականում Ռուսաստանից, որոշ չափով նաև Բելառուսից։

Ըստ վիճակագրական կոմիտեի տվյալների 2022-ին Ռուսաստանից մեր երկիր է ժամանել 790 հազար 397 զբոսաշրջիկ, ինչը 22 անգամ ավելի է 2021-ի ցուցանիշից։ Նույն վիճակագրական կոմիտեի տվյալով 2022-ին սահմանային անցման կետերով Հայաստան եկած և մեր երկրից գնացած անձանց սալդոն դրական է եղել՝ 38 հազար 732։ Սակայն այստեղ ուշագրավ է մեկ այլ հանգամանք՝ միայն Հայաստանի անձնագրով մուտք ու ելք արածների պարագայում սալդոն բացասական է 27 հազար 941-ով։ Այսինքն` օտարերկրացիների բարձր մուտքի պայմաններում է հնարավոր եղել դրական սալդո ունենալ, որի ընդհանուր թիվը ստացվում է 66 հազար 673։ Այսինքն` Հայաստան եկած օտարերկրացիներից այսքանը փաստացի մնացել են տարեվերջում։

Անցնենք բուն թեմային
Այսքան օտարերկրացիների մուտքը ակտիվացրեց միանգամից մի քանի ուղղություն՝ անշարժ գույքից մինչև հանրային սնունդ և հյուրընկալություն, ֆինանսներից մինչև առևտուր, իսկ աշխատաշուկայում հատկապես՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը։

2022-ի ավարտին՝ 2021-ի նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանում գրանցված կազմակերպությունների թիվն ավելացել էր 7205-ով կամ 125 տոկոսով, աշխատակիցների քանակն ավելացել էր գրեթե 37 հազարով, իսկ միջին աշխատավարձը 255663 դրամից ավելացել էր 21 տոկոսով կամ 53417 դրամով։ Ու, եթե շտապում եք մտածել, որ ՏՏ ոլորտի մասնագետների մուտքը բերեց հենց այդ ոլորտում աշխատավարձի շեշտակի աճին՝ հիասթափեցնեմ, այսքան ռելոկանտների մուտքը, որոնք ոչ բոլորն էին ՏՏ մասնագետներ, բայց գրեթե բոլորը կարիք ունեին բանկային ծառայությունների, առաջին հերթին բերեցին հենց ֆինանսական և ապահովագրական ոլորտում աշխատավարձերի աճի՝ 2022-ի դեկտեմբերին 2021-ի նույն ամսվա համեմատ այս ոլորտում միջին ամսական աշխատավարձն աճել է ավելի քան 75 տոկոսով, իսկ ՏՏ ոլորտում՝ 31։ Նույն տարվա դեկտեմբերին 2021-ի նույն ամսվա համեմատ ՏՏ ոլորտի աշխատակիցների թիվը հասել էր ռեկորդային 33 հազար 140-ի, ինչը 428 տոկոսով ավելի էր։

2022-ի արդյունքում Հայաստանում գրանցվեց 126 տոկոս տնտեսական աճ, ինչին էականորեն նպաստեց հենց ռուս-ուկրաինական հակամարտությունը։ Այդ աճի 94 տոկոսն ապահովել էր առևտրի և ծառայությունների ոլորտը, մնացածը բաժին էր ընկել արդյունաբերությանն ու շինարարությանը։ Համեմատության համար նշենք, որ մինչև այդ արձանագրված ՀՆԱ-ի տարեկան ցուցանիշում առևտուրն ու ծառայությունները 51 տոկոսից ավելի բարձր կշիռ չեն ունեցել։

Ո՞ր ճյուղերն ամենաշատն օգտվեցին
Վիճակագրական կոմիտեի տվյալով 2022-ի վերջում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գրանցվել է 757 տոկոս ծավալային աճ, բանկերի գործունեության ճյուղում այդ աճը 677 տոկոս է կազմել, կացության և հանրային սննդի կազմակերպման ոլորտում՝ 172 տոկոս։ Իսկ անշարժ գույքի հետ կապված գործունեությունն, այդ թվում՝ վարձակալությունը, անկում է գրանցել։ Պատճառն այն է, որ բնակարան վարձակալության տվողները հիմնականում չեն գրանցել այն օրենքով սահմանված կարգով, այնինչ այդ օրերի մեծ պահանջարկը և դրա հիման վրա շատ դեպքերում 2-3 անգամ բնակարանների վարձակալության գների աճը բոլորին է հայտնի, և դրա մասին մինչև օրս բարձրաձայնում են նաև գործակալությունները, երբ որպես համադրելի տարի վերցնում են իրենց ամենաստացված տարին՝ 2022-ը։

Ինչ վերաբերում է ածանցյալ ճյուղերին, որոնք աճել են, սա արդեն վերաարտահանման գործոնն է։ Հայտնի գործոններից ելնելով սահմանափակվել էր շատ ապրանքների մուտքը Ռուսաստան և այլ բան չէր մնում, քան այլ երկրների միջոցով՝ այդ թվում Հայաստանի, անհրաժեշտ ապրանքներ ձեռք բերել։

Այդ ապրանքատեսակներից մեկը ավտոմեքենան էր։ Ըստ Մոդեքս խորհրդատվական ընկերության վերլուծության՝ 2022-ին Հայաստանից վերաարտահանվել է 11570 հատ 243 մլն դոլարի ավտոմեքենա, դրան հաջորդող տարում՝ 17․891 հատ 394 մլն դոլարի, այնուհետև սահմանափակումների պատճառով այդ հնարավորությունը փակվել է։ Ընդ որում, ըստ նույն վերլուծության՝ հաշվարկներն ամբողջությամբ չեն ներկայացված և վերագնահատված հաշվարկով 2022-ին այդ ցուցանիշը կազմել է 318 մլն դոլար, իսկ 2023-ին՝ 478 մլն դոլար։ Մեքենաները հիմնականում ներմուծվել էին ԱՄՆ-ից և վերաարտահանվել ՌԴ։  Սրա հաշվին էականորեն ավելացել է նաև ոլորտում գործունեություն ծավալող ընկերությունների թիվը, բացի այդ, որպես ածանցյալ ճյուղ ակտիվ են եղել նաև մեքենաների վերանորոգման ծառայությունները։

2022-ին Հայաստան-Ռուսաստան առևտրաշրջանառությունն ավելացել է 917 տոկոսով, ընդ որում արտահանումն աճել է 29 անգամ հասնելով՝ 24 մլրդ դոլարի։ Այս ընթացքում վերաարտահանվում էր գրեթե ամեն ինչ՝ հեռախոս, կենցաղային տեխնիկա, բանը հասավ նրան, որ Հայաստանի խոշոր հարկ վճարողների հնգյակում հայտնվեցին էլեկտրատեխնիկայի և հեռախոսի առուվաճառքով զբաղվող ընկերություններ։ Ամենամեծ արտահանման աճը գրանցվել էր թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի ճյուղում՝ 3 անգամ՝ հասնելով շուրջ 990 մլն դոլարի։ Սա արդեն մյուս ածանցյալ ճյուղն է, որն էլ ավելի մեծ թափ առավ հաջորդող՝ 2023 թվականին։

Մոդեքս ընկերությունը նաև բանկային ոլորտի վերաբերյալ է վերլուծություն արել, ըստ որի 2022-ին դրան նախորդող տարվա համեմատ ոլորտի շահույթը եռապատկվել է՝ կազմելով 2556 մլրդ դրամ, հետագա տարիներին այդ թիվն ավելացավ: Էականորեն ավելացել են ավանդները և 2021-ի դեկտեմբերին գրանցված 4 տրլն դրամից այժմ հասել են գրեթե 6.5 տրլնի: Արտերկրից ֆիզիկական անձանց անունով բանկերի միջոցով ստացված գումարներն էլ 2021-ի 2.1 մլրդ դոլարից 2022-ին հասավ 5.2, իսկ 2023-ին 5.7 մլրդ դոլարի։ Ֆինանսական մեծ հոսքերի արդյունքում դրամը դոլարի նկատմամբ արժևորվեց շուրջ 20 տոկոսով, 480-490 դրամի փոխարեն մեկ դոլարը կայունացավ 385-395 դրամի շրջանակում և մինչև օրս այն պահպանվում է։

ՀՊՏՀ վիճակագրության և տվյալագիտության ամբիոնի վարիչ Արմեն Քթոյանը հիշում է՝ ֆինանսաբանկային ոլորտում միանգամից շոկային աճ գրանցվեց: 

«Մենք ականատես եղանք 2023 թվականի համար աննախադեպ մի իրողության, երբ խոշոր հարկատուների առաջին տասնյակում միանգամից մի քանի բանկեր հայտնվեցին. շահութահարկի վճարման առումով բանկերն առաջատարներ են Հայաստանում։ 2024-ի համար այս միտումը որոշակիորեն թուլացավ, չնայած էլի բանկերը բավականին բարձր մակարդակի հարկային վճարումներ են արել։ Դա խոշոր ալիք էր և այդ ալիքն արդեն ակնհայտորեն նվազում է, ինչը և սպասելի էր, այստեղ արտառոց ոչինչ չկա, և բանկերն արտացոլել էին իրենց ռիսկի կառավարման գործիքակազմի ու մարտավարության մեջ ու դրա վկայությունն էր այն, որ այդ աննախադեպ ակտիվությունից գեներացված հավելյալ ռեսուրսները զգալի չափով պահուստավորվեցին կամ ներդրվեցին բարձր իրացվելի ակտիվներում հնարավոր նվազման կամ անկման ժամանակ ի հայտ եկող ռիսկերն արդյունավետ կառավարելու նպատակով»,- նշում է Քթոյանը:

Ի դեպ, ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքում Հայաստանում գործող լիցենզավորված ներդրումային ընկերությունները 13-ից դարձան 22:

2022-ի բարձր աճից հետո թերևս բարդ էր ակնկալել, որ 2023-ը նույնպես հնարավոր կլինի նույն տեմպով շարունակել, բայց տարին դարձյալ ակտիվ էր՝ ճիշտ է ավելի քիչ՝ 83 տոկոս ՀՆԱ-ի աճ գրանցվեց, սակայն առևտուրն ու ծառայությունները դարձյալ շարունակում էին լինել տնտեսության քարշակը և 68 տոկոսն էին կազմում այդ աճի։ Ընդ որում` խորհրդատվական ընկերության հաշվարկով թերագնահատված էին ՏՏ ոլորտի վերաբերյալ վիճակագրական տվյալները և 2023-ին ավարտին դրա շրջանառությունը կազմել է 837 մլրդ դրամ, այլ ոչ կոմիտեի հրապարակած 449 մլրդ ցուցանիշը։

Վերաարտահանման գործոնը շարունակում էր լինել առանցքային։ Բայց 2023 թվականը զարմացրեց հատկապես վերջին ամիսներին, տարվա ամբողջ ընթացքում անկում արձանագրած արդյունաբերությունը հրաշքով սկսեց վերջին ամիսներին այնպիսի աճեր գրանցել, որ ընդհանուր պատկերը փոխեց։ Եվ այդ աճին նպաստած ճյուղերն ամենևին էլ ավանդական՝ խմիչքի, սննդի կամ հանքարդյունաբերության արտադրանքը չէին, այլ հիմնական մետաղների արտադրությունը, որն էլ արդեն 2024-ի քարշակը դարձավ։

Իսկ ի՞նչ էր ենթադրում հիմնական մետաղների արտադրության աճը, այն ոսկերչության հաշվին էր։ Ռուսաստանից բերվող ոսկին որոշակի վերամշակում անցնելով վերաարտահանվում էր հիմնականում ԱՄԷ։

Արդեն 2024 թվականին ռուս-ուկրաինական հակամարտության արդյունքում ակտիվացած մի շարք ճյուղեր, որոշակի անկման փուլ մտան՝ այդ թվում ՏՏ ոլորտը, ինչը պայմանավորված էր ռելոկանտների և ռելոկացված ընկերությունների արտահոսքով, արձանագրվեց նաև Ռուսաստանից զբոսաշրջիկների թվի անկում։ Սակայն, ինչպես վերևում նշեցինք, տարվա «հերոսը» արդյունաբերությունն էր և վերաարտահանումը։ Հիմնական մետաղների արտադրությունը հունվար-նոյեմբերի տվյալով հասել է 4245 մլրդ դրամի, աճելով 2023-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշից՝ 847 տոկոսով։

2024-ի 11 ամսում Հայաստանի 15 մլրդ 871 մլն դոլարի ներմուծումից գրեթե 7 մլրդը թանկարժեք և կիսաթանկարժեք քարերն են եղել։ Այդ ապրանքի ներմուծման ծավալն աճել է 35 անգամ։ Նույն թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի արտահանումը կազմել է 7 մլրդ 664 մլն դոլար։ Այսպիսի բարձր ծավալային աճ որևէ այլ ճյուղում չունենք։ Սակայն, ընդհանուր առմամբ, տնտեսությունը վերադառնում է իր պոտենցիալին և ըստ գնահատականների՝ 2024-ին ՀՆԱ-ի աճը կլինի 55 տոկոսի շրջանակում։ Ռուս-ուկրաինական պատերազմն, ըստ էության, ձևափոխեց տնտեսության կառուցվածքը՝ մի շարք տնտեսվարողների ուղղելով դեպի վերաարտահանում։

Սակայն, սա մեկ այլ խնդիր է ստեղծել։ Արտադրող-արտահանողները վերջին տարիներին կենտրոնացել են ռուսական շուկայի վրա և սա նաև ի հաշիվ եվրոպական շուկայի։ Ռուսական շուկայի վրա գերկենտրոնացումը նվազեցրեց եվրոպական շուկայի հետ առևտրի ծավալները։ 2024-ի 11 ամսում Հայաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ արտահանումն աճել է 24 անգամ, իսկ դեպի ԵՄ երկրներ նվազել է 112 տոկոսով։ Մինչև ռուս-ուկրաինական պատերազմը՝ 2021-ի հունվար-նոյեմբերին Հայաստանի արտահանման կառուցվածքում ԵՄ երկրների կշիռը 22․3 տոկոս էր կազմում, վերջին տվյալով այն 45 տոկոս է ընդամենը։ 

 

Եթե նախորդ տարիներին պետությունն իր օգուտները եկամտի տեսքով ստանում էր, ապա արդեն 2024-ին հաշվարկները խառնվեցին նաև բյուջեի եկամտային մասով, և պլանավորված ցուցանիշը թերակատարվեց ավելի քան 220 մլրդ դրամով։ Ըստ Արմեն Քթոյանի, եթե նայենք կարճաժամկետ ազդեցությամբ, ապա կարող է թվալ, որ Հայաստանն աննախադեպ էֆեկտներ է ունեցել, սակայն պետք է հասկանալ, որ այն շոկ է եղել տնտեսության համար:

«Նույնիսկ դրական ազդեցության պարագայում շոկը ունի արագ մարելու հատկություն և արդյո՞ք տնտեսությունը այդ խոշոր ցնցումներին դիմակայելու կամ կորուստը դիմակայելու ներուժ ունի։ Արձանագրված պրոցեսները հանգեցնում են տնտեսությունում ռեսուրսների կտրուկ տեղաշարժի, վերաբաշխման, տնտեսության կառուցվածքի փոփոխության և փաստ չէ, որ նոր ձևավորվող կառուցվածքն ավելի արդյունավետ կլինի։ Պարզապես մենք ստանում ենք տնտեսության այնպիսի կառուցվածք, որն արտացոլում է այդ շոկային իրողության պայմաններում առավելագույնը գեներացնելու բիզնեսի ձգտումը, բայց տնտեսության երկարաժամկետ կենսունակության դիմակայանության տեսանկյունից կամ ավելացված արժեք գեներացնելու տեսանկյունից նույն բանը չի կարելի ասել»,- շեշտում է տնտեսագետը:

Քթոյանի կարծիքով՝ պետք է կարողանալ նոր իրողությունների պայմաններում տնտեսությունն արդյունավետ կառավարել: Վերաարտահանումը հնարավորություն է տալիս օգուտներ քաղել, բայց գլոբալ առումով պատժամիջոցների դեպքում հնարավոր է արժեշղթաների և ֆինանսական կապերի խաթարում, նաև բիզնես հարաբերություններում ձևախեղումներ:

«Պատերազմի սկզբից ռուսական ռուբլու արժեզրկմամբ հայկական ապրանքները ռուսական շուկայում 2 անգամ թանկացել են, ինչն այդ շուկայում նվազեցնում է Հայաստանի ապրանքների մրցունակությունը։ Ավելին, ռուսաստանցի զբոսաշրջիկների համար Հայաստանը դարձել է ավելի թանկ ուղղություն, ինչը նույնպես ազդել է զբոսաշրջային սեգմենտի վրա։ 2024 թվականին այս տենդենցը տեսանելի է դարձել, և զբոսաշրջության ոլորտում նվազման ռիսկերը բարձրացել են։ Միևնույն ժամանակ, կան նաև նոր հնարավորություններ։ Օրինակ՝ Չինաստան-Եվրոպա ցամաքային կապի հյուսիսային միջանցքի ծավալների կրճատմամբ՝ Միջին Ասիա-Հարավային Կովկաս-Թուրքիա-Եվրոպա ուղեգծի դերակատարումը մեծացել է, ինչը կարող է նպաստել տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակմանը։ Հայաստանը կարող է օգտվել այս նոր հնարավորություններից՝ մասնակցելով ենթակառուցվածքային նախագծերում»,- ընդգծում Արմեն Քթոյանը։

Ըստ էության ռուս-ուկրաինական պատերազմը Հայաստանի տնտեսության համար բերեց ինչպես նոր հնարավորություններ, այնպես էլ խնդիրներ։ Տնտեսական աճի հիմքը մեծապես կախված է վերաարտահանման և ներհոսքի ժամանակավոր գործոններից, ինչը պահանջում է առավել ռազմավարական մոտեցում՝ տնտեսության կայունությունը երկարաժամկետ հեռանկարում ապահովելու համար։