Բանկային գաղտնիքը սրբազան կով չէ. Նիկոլ Փաշինյան

Բանկային այնպիսի գաղտնիք չկա, որ պետությանը հասանելի չլինի։ Մամուլի ասուլիսում նման դիրքորոշում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով հարցին, որ համընդհանուր հայտարարգիր լրացնելիս բացահայտվում է բանկային գաղտնիքը։

«Այսօր ժողովրդավարական երկրները գնում են այն ճանապարհով, որ բանկային գաղտնիքը սրբազան կով չէ. բանկային գաղտնիքը կարող է բացահայտվել։ Իմ օրինակով ասեմ, որ ես ոչ մի խնդիր չունեմ բանկային գաղտնիքի հետ»,– ասաց նա։
Վարչապետին զարմացնում է այն, որ անապահով խավին է հատկապես մտահոգում բանկային գաղտնիքի բացահայտումը։
«Իսկ եթե մարդը ապահովված է ու հարկային պարտավորություններ չունի, ապա էլ ի՞նչ խնդիր ունի բանկային գաղտնիքի հետ։ Եթե բանկային գաղտնիքն ասելու է, որ 30 տարի շարունակ չկատարված բան կա, ես չեմ կարծում, որ մեխանիզմ ունենք` գնանք ու նայենք հարկային այդ պարտավորությունները»,– նշեց նա։