Reuters. Թրամփի վարչակազմը USAID-ի մոտ 100 աշխատակցի վարչական արձակուրդի է ուղարկել
Թրամփի վարչակազմը շաբաթավերջին ադմինիստրատիվ արձակուրդի է ուղարկել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ևս մեկ տասնյակ աշխատակիցների, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով այդ որոշմանը ծանոթ երեք աղբյուրի:
Հաղորդվում է, որ Գործակալության օրենսդրական և հասարակական հարցերի բյուրոյի մոտ 30 աշխատակից միանգամից կորցրել է իր էլեկտրոնային փոստի հասանելիությունը, ինչի հետևանքով USAID-ի ավագ աշխատակիցների ընդհանուր թիվը, որոնք վերջին շաբաթվա ընթացքում արձակուրդի են ուղարկվել, հասել է 100-ի։
Գործակալության անվտանգության ապահովման գործողությունները վերահսկող երկու բարձրաստիճան պաշտոնյա նույնպես վարչական արձակուրդի են ուղարկվել այն բանից հետո, երբ հրաժարվել են գաղտնի փաստաթղթերը հանձնել Իլոն Մասկի Պետական կառավարման արդյունավետության վարչության (DOGE) աշխատակիցներին, ասել է աղբյուրներից մեկը:
Մեթ Հոփսոնը, որը նշանակվել էր Թրամփի աշխատակազմի ղեկավար, հրաժարական է տվել, հայտնել է խնդրին ծանոթ հինգ աղբյուր։ Կոնգրեսի աղբյուրը հայտնել է, որ նրա հրաժարականը հաջորդել է անվտանգության աշխատակիցների աշխատանքից ազատմանը:
Զտումը հաջորդել է USAID-ում ավելի քան մեկ շաբաթ տիրող քաոսին․ USAID-ը Վաշինգտոնի գլխավոր գործակալությունն է, որը միլիարդավոր դոլարների մարդասիրական օգնություն է ֆինանսավորում ամբողջ աշխարհում:
Նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է սառեցնել ԱՄՆ-ի գրեթե ողջ արտաքին օգնությունը՝ ասելով, որ իր վարչակազմը կվերանայի ծախսերը՝ ապահովելու համար, որ գումարները բաշխվեն իր արտաքին՝ «Առաջին հերթին Ամերիկան», քաղաքականությանը համապատասխան: