Քննարկվել են երկրաշարժի գոտում ինքնակամ կառույցների հաշվառման գործընթացում առաջացող խնդիրներ
ՀՀ Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը նախօրեին մասնակցել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանի նախաձեռնությամբ հրավիրված աշխատանքային քննարկմանը՝ «1988թ․ ավերիչ երկրաշարժի հետևանքով աղետի գոտում առկա ինքնակամ կառույցների հաշվառման գործընթացում առաջացող խնդիրներ․ որոշակի խումբ անձանց համար վերաբերելի արտոնությունների սահմանման անհրաժեշտություն» թեմայով, որին մասնակցել են նաև Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, Կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանը, պատասխանատուներ նախարարություններից, Քաղաքաշինության կոմիտեից, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից, այլ շահագրգիռ կազմակերպություններից:
Քննարկման ընթացքում նշվել է, որ բազմաթիվ ինքնակամ կառուցված և չփաստաթղթավորված կառույցներ կան և Շիրակի, և Լոռու մարզերում:
Խնդրի լուծման կարևորությանն անդրադարձել է նաև Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը՝ նշելով, որ լիազորությունների շրջանակում պատրաստ է աջակցելու ցանկացած նախաձեռնության իրականացմանը։
Խնդրի լուծման նպատակով՝ քննարկման մասնակիցները ներկայացրել են մի շարք առաջարկներ, կարևորել հարցի շուտափույթ կարգավորումը: Որոշվել է գույքագրել մարզերում առկա խնդիրները` գտնելու համար դրանց լուծման ուղիները:
Ամփոփելով քննարկումը` Ռուստամ Բաքոյանը նշել է` բարձրացված խնդիրները պատշաճ կերպով կհասցեավորվեն և բնակիչներին հուզող հարցերն անպատասխան չեն մնա:
Հանձնաժողովի փոխնախագահը հայտնել է, որ անհրաժեշտության դեպքում կնախաձեռնվեն նաև օրենսդրական փոփոխություններ: