Տաշիրում բժշկական կենտրոնի համար նոր շենք է կառուցվում

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի հանձնարարությամբ մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Ռուզաննա Պողոսյանը անակնկալ այց է կատարել Տաշիրի բժշկական կենտրոն:
Բուժհաստատության տնօրեն Վահե Անախասյանի ուղեկցությամբ՝ Ռ. Պողոսյանն այցելել է ՀՀ պետբյուջեի ֆինանսավորմամբ Տաշիրի բժշկական կենտրոնի համար նոր կառուցվող շենք: Այն շահագործման կհանձնվի 2025 թվականի տարեվերջին: Ծրագրի արժեքը 1 մլրդ 697 մլն դրամ է: 2023թ. ներդրումների ծավալը կազմել է շուրջ 229 մլն. դրամ, 2024թ. ներդրումների ծավալը ՝ շուրջ 474 մլն. դրամ: Կառուցվում է եռահարկ շենք՝ յուրաքաչյուր հարկը՝ 1600 քառ. մ: Բժշկական կենտրոնը կունենա վերակենդանացման, վիրաբուժական, թերապևտիկ, մանկական բաժանմունքներ, ծննդատուն:
Շրջել է բուժհաստատությունում, եղել է ամբուլատոր-պոլիկլինիկական և ստացիոնար բաժանմունքներում, հետաքրքրվել հիվանդանոցում առկա մահճակալներով և բուժսարքավորումներով հագեցվածությամբ, զրուցել բուժառուների հետ, հետաքրքրվել նրանց առողջությամբ, մաղթել շուտափույթ ապաքինում:
Ռուզաննա Պողոսյանը բուժանձնակազմի հետ զրույցի ընթացքում կարևորել է հիվանդանոցի սպասարկման որակի բարձրացմանն ուղղված աշխատանքները, պատվաստումների գործընթացի ակտիվացումը՝ որպես հիվանդությունների կանխարգելման լավագույն միջոց, հանձնարարականներ տվել՝ ոլորտի բնականոն աշխատանքները լավագույնս կազմակերպելու նպատակով: