Առաջարկվում է բարձրացնել շահումով խաղերի ոլորտի կազմակերպությունների հարկային բեռը
Առաջարկվում է բարձրացնել շահումով խաղերի ոլորտի կազմակերպությունների հարկային բեռը:
ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում պատգամավոր Հայկ Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որոնցով այդ թվում՝ առաջարկվում է բարձրացնել շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղերի ոլորտի կազմակերպությունների հարկային բեռը:
Նրա խոսքով, վերջին 13 տարիներին ահագնացող տեմպերով աճում է շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի, վիրտուալ մոլախաղերի, վիճակախաղերի, տոտալիզատորի, ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման գործունեության շրջանառության ծավալը:
«Եթե 2010թ ինտերնետ շահումով խաղերում կատարված խաղադրույքների ծավալը կազմում էր շուրջ 14 մլրդ դրամ, ապա 2023թ այն ավելացել է ավելի քան 440 անգամ՝ հասնելով 6.3 տրիլիոն դրամի (խմբ.–միայն քաղաքացիների կողմից մուտքագրված գումարը չէ, ընդհանուր շրջանառության ծավալն է): Մինչդեռ հավաքագրվող հարկերն ու տուրքերն աճել են ընդամենը 26 անգամ: 2010թ 14 մլրդ դրամի շրջանառությունից հավաքագրվել է շուրջ 1 մլրդ դրամի հարկ կամ ծավալի 7.2 տոկոսը: 2023-ին 6.3 տրլն դրամ շրջանառությունից հավաքագրվել է 33 մլրդ դրամ հարկ կամ ծավալի 0.5 տոկոսը: Շրջանառության ծավալի և վճարած հարկերի հարաբերակցությունը նվազել է ավելի քան 14 անգամ»–ասել է նա և հավելել, որ նախագծով առաջարկվում է առկա հարկերից ու տուրքերից բացի ոլորտի համար նախատեսել 10 տոկոս շրջանառության հարկ:
Այս տեսքով նախագծի ընդունման պարագայում շուրջ 100 մլրդ դրամ տարեկան ավել եկամուտ է ապահովվելու պետական բյուջե:
Քննարկման ժամանակ պատգամավոր Սերգեյ Բագրատյանն առաջարկեց շրջանառության հարկը ոլորտի կազմակերպությունների համար դարձնել առնվազն 20 տոկոս:
Կառավարությունը նախագծին կողմ է: Սակայն պատգամավորի խոսքով՝ քննարկումների ժամանակ Ֆինանսների նախարարությունը նպատակահարմար չի համարել հարկերը բարձրացնելը, քանի որ վերջին տարիներին մշտապես բարձրացրել են հարկերը: