Արաբիկայի գները շարունակում են աճել

Արաբիկա սուրճի գները շարունակում են աճել: Տարեսկզբից սուրճի գինն աճել է գրեթե 21%-ով, իսկ վերջին 12 ամիսների ընթացքում՝ ավելի քան կրկնակի:

Առևտրականները շարունակում են անհանգստանալ Արաբիկայի՝ աշխարհի ամենամեծ արտադրող Բրազիլիայից անբավարար մատակարարումների հեռանկարով:

Օրերս բրազիլական արտահանող Comexim Ltda.-ն կանխատեսել էր, որ «Արաբիկա» և «Ռոբուստա» սուրճի տեսակների արտադրությունը կնվազի 2025-2026 բերքահավաք տարում:

Արաբիկայի գների աճն արագացել է 2024 թվականի վերջին: Անցած աշնանը Բրազիլիայում արձանագրված չոր եղանակը բացասաբար է ազդել ոչ միայն բերքի, այլ նաև բերքի կանխատեսումների վրա:

Հունվարի վերջին սուրճի գներն աճել են՝ աշխարհաքաղաքական գործոններով պայմանավորված: ԱՄՆ-ի և Կոլումբիայի միջև հակամարտությունն ապօրինի միգրանտների արտաքսման շուրջ և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Կոլումբիայի ներմուծման համար մաքսատուրքեր սահմանելու սպառնալիքը հունվարի 27-ին սուրճի գները հասցրին պատմական առավելագույնի:

Հիշեցնենք՝ Կոլումբիան աշխարհում երրորդ խոշորագույն սուրճի արտադրողն է և երկրորդ տեղն է զբաղեցնում Արաբիկայի արտադրության մեջ: