Աշխարհում միգրացիոն հոսքերի արագընթաց աճը փորձ է արվում կանխել միգրացիոն նոր քաղաքականությամբ․ փորձագետ

Փետրվարի 5-ից ՌԴ-ում ուժի մեջ է մտնում միգրացիոն քաղաքականության երկու փոփոխություն, ինչը ենթադրում է միգրանտների արտաքսման ռեժիմ։

Փորձագետները կարծում են, որ ահաբեկչության ու իսլամիզացման ֆոնին տարվող ՌԴ միգրացիոն քաղաքականությունը ազդեցություն կունենա նաև Ռուսաստանում անօրինական գտնվող հայերի վրա և վիճակը կբարդանա։

Մոտավոր հաշվարկներով օրենքը կարող է կիրառվել մի քանի տասնյակ հազար ՀՀ քաղաքացիների նկատմամբ։

Անօրինական միգրանտների արտաքսում, վարչական պատասխանատվության սահմանում ՌԴ մուտք գործելու կամ երկրից դուրս գալու կանոնները խախտելու համար․ սրանք այն հետևանքներն են, որոնք հնարավոր են ՌԴ միգրացիոն քաղաքականության երկու փոփոխությունների ներդրմամբ։

Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը տելեգրամյան իր ալիքում տեղեկացրել է, որ այս փոփոխություններն ուժի մեջ են մտնում փետրվարի 5-ից։ Ըստ այդմ՝ վարչական պատասխանատվություն է սահմանվում նաև վերահսկվող անձանց ռեգիստրում ընդգրկված միգրանտին արգելված ծառայություններ մատուցելու համար:

Սպասվում է, որ ՌԴ միգրացիոն քաղաքականության օրենսդրական  փոփոխություններն ուղիղ ազդեցություն կունենան նաև ՌԴ-ում անօրինական գտնվող ՀՀ քաղաքացիների վրա՝ ասում է «Հայկական Կարիտաս» կազմակերպության միգրացիոն ծրագրի փորձագետ Տաթևիկ Բեժանյանը՝ մանրամասնելով՝ ՌԴ սահմանապահը կարող է հենց իր որոշմամբ օդանավակայանից կամ սահմանից հետ ուղարկել մարդուն։

«Հիմա, երբ արտաքսման ռեժիմն ուժի մեջ մտնի փետրվարի հինգից, մինչև ՌԴ նախագահի տված ապրիլի 30-ը,  այսինքն՝ այն ժամկետը, որը սահմանված է, որպեսզի անօրինական գտնվողներն օրինականացնեն իրենց այդ երկրում գտնվելը կամ լքեն երկրի տարածքը, վստահաբար կարելի է ասել, որ մինչև այդ ժամկետը նրանց թիվն ավելի մեծ կլինի,  քան այս պահին է։ Ես այդպիսի կանխատեսում արդեն ունեմ և ուզում եմ միանգամից ասել մեր քաղաքացիներին, որ թյուրըմբռնում չլինի՝ ով անօրինական է գտնվում ՌԴ-ում և մտածում է, որ մինչև ապրիլ 30-ը կկարողանա օրինականացնել ՌԴ-ում իր գտնվելը, կարող են օրինականացնել։ Իսկ կարող են օրինականացնել միայն  նրանք, ովքեր ունեն ՌԴ քաղաքացի ընտանիքի անդամ՝ ծնող, կին, ամուսին, զավակ։ Մնացած բոլորի դեպքում հենց հայտնվեցին ներքին գործերի նախարարության տարածքային մարմինների, միգրացիոն ծառայության թիրախում, կգնան ուղիղ միգրացիոն բանտ և այնտեղից կարտաքսվեն  իրենց քաղաքացիության երկրներ։ Դրա փորձն արդեն կա»։

Ըստ ՌԴ-ում գործող կարգավորումների՝ եթե անձի միգրացիոն հաշվառման ժամկետից անցել է 30 օր կամ ավելի, ապա այ երկրում անօրինական գտնվող այլ երկրի քաղաքացին  կունենա մուտքի արգելք և չի կարողանա օրինականացնել ՌԴ-ում իր գտնվելը։ Բացի այդ, երբ վերադառնա իր երկիր, 3-10 տարի ժամկետով ՌԴ մուտքի արգելքն ուժի մեջ է մտնելու՝ բացատրում է փորձագետ Տաթևիկ Բեժանյանը։

Աղբյուրը՝ hy.armradio.am