Մտահոգված ենք. ՀՀ էկոնոմիկայի նախարարը` ԶՊՄԿ–ում տիրող իրավիճակի մասին
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը մտահոգված է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում (ԶՊՄԿ) տիրող իրավիճակով։ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը կոմբինատում գործադուլին և դրա հետևանքներին անադրադարձավ կառավարության նիստից հետո:
Գևորգ Պապոյանը նշեց, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում սկսված գործադուլի լուծման հարցն իրենց տիրույթում չէ։
«Պատասխանեմ հարցին որպես էկոնոմիկայի նախարար` բնականաբար, մտահոգված ենք, որովհետև արդյունաբերության առաջատարը 1 շաբաթ չի աշխատում, ու դա ազդելու է տնտեսական ցուցանիշների և հարկերի հավաքագրման վրա։ Մեզ համար ամենակատարյալ տարբերակը կլինի, որպեսզի հանքարդյունաբերական համալիրը հնարավորինս շուտ կրկին սկսի աշխատել։ Կարծում եմ` արհմիության, ընկերության ղեկավարության, աշխատակիցների տիրույթում գտնվող հարց է։ Բավարար տեղեկատվություն չունեմ, այդ հարցերի լուծման պատասխանատուն ես չեմ»,– նշեց նա։
Ի պատասխան լրագրողներից մեկի դիտարկմանը, թե կառավարությունը 22 տոկոս բաժնեմաս ունի ընկերությունում, նա նշեց, որ բաժնետերը ոչ թե կառավարությունն է, այլ ժողովուրդը, իսկ 32-33 մլրդ դրամ պետական բյուջե փոխանցված գումարով աշխատավարձեր, կենսաթոշակներ են վճարվել, ճանապարհներ են կառուցվել, երեխաների կրթության համար է գումարներ փոխանցվել։