Հասարակական աշխատանքների կազմակերպման ծրագրերի իրականացման վերաբերյալ քննարկում․ ԱՍՀՆ
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Աշխատանքի միջազգային կազմակերպության նախաձեռնությամբ՝ շահագրգիռ գերատեսչությունների, սոցիալական գործընկերության ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել հասարակական աշխատանքների կազմակերպման ծրագրերի իրականացման վերաբերյալ քննարկում։
Հանդիպմանը մասնակցել են ԱՍՀ նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը, ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը, ԱԺ պատգամավորներ, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժամոբը, Հայաստանի արհեստակցական միությունների կոնֆեդերացիայի և Գործատուների հանրապետական միության ներկայացուցիչներ։
Քննարկման նպատակն էր ուսումնասիրել հասարակական աշխատանքների ծրագրերի կազմակերպման միջազգային փորձը, հանդես գալ համատեղ առաջարկություններով, որոնք միտված կլինեն Հայաստանի աշխատաշուկայի ակտիվացմանն ու զարգացմանը։
Աշխատանքային հանդիպման ընթացքում միջազգային գործընկերների կողմից ներկայացվել են մի շարք երկրներում, մասնավորապես Հունաստանում իրականացվող հասարակական աշխատանքների կազմակերպման մեխանիզմները, նպատակներն ու արդյունքները։ Վերջիններիս խոսքով՝ հանրային աշխատանքների ծրագրի արդյունավետ իրականացումը պահանջում է ռազմավարական պլանավորում, շահառուների ճիշտ ընտրություն, համապատասխան աշխատանքային պայմաններ, ինչպես նաև ծրագրերում ընդգրկված անձանց հմտությունների և կարողությունների զարգացում՝ հետագայում աշխատաշուկայում մրցունակ դառնալու և կայուն աշխատանք ունենալու նպատակով։
Կարևորելով զբաղվածության ոլորտի ռազմավարական փաստաթղթերի մշակման գործընթացում միջազգային գործընկերների համագործակցությունը՝ նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը նշել է, որ մարդկային ռեսուրսի զարգացմանն ուղղված հետևողական ջանքերը հնարավորություն են ստեղծելու մարդկանց ունենալ արժանապատիվ և պաշտպանված աշխատանք։ Հանրային աշխատանքների ծրագրերի իրականացումն ևս մեկ բաղադրիչ է՝ ապահովելու դժվարին իրավիճակում հայտնված անձանց սոցիալական բարեկեցությունը։
Հանդիպումը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով, որի շրջանակում ներկաները բարձրաձայնել են իրենց հետաքրքրող հարցերը, նաև հանդես եկել առաջարկներով ու դիտարկումներով։