Մայիս ամսվա ընթացքում Հայաստանում գրանցված վճարովի աշխատատեղերի նոր պատմական ռեկորդ ունենք

«Մայիս ամսվա ընթացքում Հայաստանում գրանցված վճարովի աշխատատեղերի նոր պատմական ռեկորդ ունենք»,- կառավարության այսօրվա նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ըստ նրա՝ մայիս ամսին Հայաստանում արձանագրվել է 673 224 վճարովի աշխատատեղ։

«Ուզում եմ արձանագրել, որ սա այն թիվն է, որ ոչ միայն ուղղակի աշխատատեղ է գրանցված, մենք հաշվառում ենք միայն ու միայն այն աշխատատեղերը, որոնց համար վճարվել է աշխատավարձ և եկամատային հարկ։ 2022 թվականի մայիսին 2021 թվականի մայիսի համեմատ մեր աշխատատեղերն ավելի են 38 273-ով կամ 6 տոկոսով։ Եվ 2019 թվականի մայիսի համեմատ ավելի են 72 359-ով կամ 12 տոկոսով, իսկ 2018 թվականի մայիսի համեմատ՝ 125 235 աշխատատեղով։ Այսինքն՝ 2018 թվականի մայիսից ի վեր Հայաստանում ստեղծվել է ավելի քան 125 հազար աշխատատեղ»,- ասաց նա։

Ըստ Փաշինյանի՝ ռեկորդային է նաև աշխատավարձի ֆոնդը։ Բոլոր աշխատողներին միասին վճարած աշխատավարձի ֆոնդը մայիսին կազմել է 160 մլրդ 056 մլն դրամ։

Նախորդ տարվա մայիսի համեմատ սա աճել է ավելի քան 4 մլրդ դրամով, իսկ 2018 թվականի մայիսի համեմատ՝ ավելի քան 63 մլրդ դրամով կամ 65 տոկոսով։

Եկամտային հարկի ընդհանուր գումարը մայիս ամսին կազմել է 32 մլրդ 741 մլն դրամ, որը 2021 թվականի մայիսի համեմատ ավելի է 3 մլրդ 811 մլն դրամով, իսկ 2018 թվականի մայիսի համեմատ՝ 8 մլրդ 578 մլն դրամով։

Աղբյուրը՝   lragir.am