2024 թվականին Ռուսաստանի ՀՆԱ-ն աճել է 4.1%-ով

2024 թվականին Ռուսաստանի ՀՆԱ-ի աճի նախնական գնահատմամբ  4.1% է: Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ այս մասին ասել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը:

««Ռոսստատ»-ը ներկայացրել է առաջին գնահատականը, ըստ որի՝ Ռուսաստանի համախառն ներքին արդյունքը 4.1% է, այսինքն՝ 0.2 տոկոսային կետով ավելի, քան կանխատեսվում էր: Դա ավելին է, քան սպասվում էր։ Ասեմ ավելին, դեկտեմբերին  հասել ենք 4.5%-ի»,– ասել է կառավարության ղեկավարը:

Միշուստինի խոսքով՝ Ռուսաստանի ՀՆԱ-ի անվանական ծավալը մինչև 2024 թվականի վերջը հասել է պատմական առավելագույնի և կազմել 200 տրիլիոն ռուբլի:

Պուտինն իր հերթին նշել է, որ 2024 թվականի ցուցանիշները «լավն են», և «ընթացիկ տարվա խնդիրն է՝ հասնել հավասարակշռված աճի հետագծի և հասնել գնաճի նվազեցմանը»:

«Մենք պետք է հասկանանք տնտեսության առանձին ճյուղերի հեռանկարները, առաջնահերթությունները և արդյունավետ աջակցություն ցուցաբերենք անհրաժեշտության դեպքում»,- ասել է նախագահը:

Ինչպես հաղորդվում է, ԿԲ-ի կանխատեսումը Ռուսաստանի ՀՆԱ-ի աճի համար 2024 թվականին կազմել է 3.5-4%, իսկ Տնտեսական զարգացման նախարարության կանխատեսումը` 3.9%: