ԵՄ - Հայաստան ՓՄՁ Հիմնադրամը, որը կառավարվում է Ամբեր Կապիտալ Արմենիայի կողմից, 5.5 միլիոն ԱՄՆ դոլար ներդրում է իրականացնում Ալֆա Ֆուդ Սերվիս ընկերությունում

  • ԵՄ-Հայաստան ՓՄՁ հիմնադրամը բաժնեմասային ներդրում է կատարում սննդի և խմիչքի մատակարարման առաջատար հանդիսացող Ալֆա Ֆուդ Սերվիս ՓԲԸ-ում։
  • Ընկերությունը զգալի ընդլայնվում է՝ զարգացնելու իր գործունեությունը, օպտիմալացնելու լոգիստիկ հնարավորությունները և բարձրացնելու ծառայությունների արդյունավետությունը։
  • Ներդրումային նախագիծն օգտագործում է ոլորտի լավագույն փորձը՝ սահմանելով գերազանցության բարձր չափանիշներ և բարձրացնելով բիզնեսը նոր մակարդակի։

ԵՄ-Հայաստան ՓՄՁ Հիմնադրամը 5.5 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում է կատարել «Ալֆա Ֆուդ Սերվիս» ՓԲԸ-ում։ Ներդրումները կուղղվեն ընկերության ընդլայնման ծրագրերին, ինչպես նաև կօգնեն բարելավել բնապահպանական, սոցիալական և կորպորատիվ կառավարման պրակտիկաները՝ ստեղծելով երկրում նոր աշխատատեղեր։ Այս մասին տեղեկացնում են ՎԶԵԲ-ից։

Ներդրումների հիմնական մասը կուղղվի ընկերության պահեստավորման և լոգիստիկ հնարավորությունների արդիականացմանը։ Սա կարևորվում է Հայաստանում լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացման ռազմավարական տեսանկյունից և միտված է բարձրացնել օպերացիոն ստանդարտները և բարելավել ծառայությունների որակը կառուցվում է նոր, ժամանակակից պահեստ, ինչպես նաև տեխնիկապես լիովին հագեցած վարչական շենք, որը կաջակցի գործառնական արդյունավետությանը և ընդլայնմանը։ Նոր օբյեկտը նախատեսված է ապահովելու առաջադեմ պահեստավորման և լոգիստիկ համակարգեր, ջերմաստիճանային կառավարման հնարավորություններ, ինչպես նաև օպտիմալ պլանավորում՝ տարբեր ապրանքատեսակների մատակարարման արդյունավետ կառավարման համար։

Ալֆա Ֆուդ Սերվիս ՓԲԸ-ն, որը հիմնադրվել է 2005 թվականին, իր դուստր ընկերությունների հետ Հայաստանի  ՀոՌեԿա և սննդի ծառայությունների ոլորտի վստահելի գործընկերն է։ Ընկերությունը մշտապես ընդլայնվող բարձրորակ սննդամթերքի ընտրանի է տրամադրում, ներառյալ հացաբուլկեղենի և հրուշակեղենի հումքեր, սննդի այլ տեսակներ, գինիներ, ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքներ, որոնք ներմուծվում են հայտնի միջազգային արտադրողներից։

Ամբեր Կապիտալ Արմենիայի գործադիր տնօրեն Անուշավան Սիմոնյանը կարևորեց Հայաստանում պահեստավորման և լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացումը.
«Մենք ուրախ ենք լինել այս նախագծի ընդլայնման մի մասը, որը ներառում է նորագույն տեխնոլոգիաներ և ժամանակակից հնարավորություններ, հատկապես այն ընկերությունում, որը հանդիսանում է սննդամթերքի և խմիչքների խոշոր մատակարար և նպաստում է երկրի պարենային անվտանգությանը։ Համագործակցելով հեղինակավոր և որակին ուղղված գործընկերոջ հետ՝ մենք նպատակ ունենք բարձր չափանիշ սահմանել Հայաստանում սննդի և խմիչքի մատակարարման ոլորտում՝ ապահովելով արդյունավետություն, անվտանգություն և հուսալիություն»։

Ալֆա Ֆուդ Սերվիս ՓԲԸ-ի հիմնադիր Ալեքսանդր Պետրոսյանն իր հերթին նշեց.
«Մենք ոգեշնչված ենք այս գործարքով, քանի որ այն լիովին համընկնում է մեր զարգացման ռազմավարության հետ և օգնում է հասնել ցանկալի արդյունքների։ Նոր լոգիստիկ կենտրոնի կառուցումը կամրապնդի ընկերության դերը Հայաստանի  ՀոՌեԿա և հացաբուլկեղենի ոլորտներում, հնարավորություն տալով մեզ ընդլայնել արտադրանքի տեսականին և մատուցել այնպիսի ծառայություններ, որոնց միշտ ձգտել ենք, բայց, տեխնիկական կարողությունների բացակայության պատճառով, չէինք կարող իրականացնել։ Առանց Ամբեր Կապիտալ Արմենիայի մասնակցության, այս գործընթացը շատ ավելի երկար կտևեր»։

Ամբեր Կապիտալ Արմենիայի կողմից կառավարվող ԵՄ-Հայաստան ՓՄՁ հիմնադրամը, մասնավոր բաժնետիրական հիմնադրամ է, որը գործարկվել է Հայաստանում 2020թ հունվարին՝ Եվրոպական միության (ԵՄ), Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ), Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթի, Հրայր և Աննա Հովնանյան հիմնադրամի և Ամբեր կապիտալի ներդրումային թիմի ներդրումների միջոց: Հիմնադրամը հետագայում լրացուցիչ կապիտալ է ներգրավել Հայկական ազգային շահերի հիմնադրամից, Ց-կվադրատ Ամպեգա Ասսեթ Մենեջմենթից, Նիդեռլանդների Ձեռնարկատիրական զարգացման բանկից (FMO) և Հայաստանի կառավարությունից, ինչպես նաև մի շարք սփյուռքահայ ներդրողներից՝ ընդհանուր  պարտավորված կապիտալը հասցնելով 60 մլն ԱՄՆ դոլարի։

Հիմնադրամը հանձնառու է ֆինանսավորել Հայաստանի ՓՄՁ-ների կայուն աճը՝ կապիտալ ներդրումների և բնապահպանական, սոցիալական ու կորպորատիվ կառավարման բարձր չափանիշների կիրառման միջոցով: Սույն գործարքը համարվում է թվով տասներեքերորդը ԵՄ-Հայաստան ՓՄՁ հիմնադրամի կողմից։