Քաղաքաշինության ոլորտի մոտ 100 մասնագետ ստացել է շարունակական մասնագիտական զարգացման վկայական
Քաղաքաշինության ոլորտի մոտ 100 մասնագետ ստացել է վկայական Քաղաքաշինության կոմիտեի ու Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի համագործակցությամբ կազմակերպված շարունակական մասնագիտական զարգացման դասընթացների շրջանակում։
Վկայականները հանձնել են Քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Դավիթ Գրիգորյանը եւ ՃՇՀԱՀ աշխատակազմի ղեկավար Փայլակ Կարապետյանը։ Նրանք շնորհավորել են մասնակիցներին՝ մաղթելով հաջողություն մասնագիտական գործունեության ընթացքում։ Կոմիտեի նախագահի առաջին տեղակալը կարեւորել է մասնակիցների հետադարձ կապը՝ ծրագրերի բարելավման, թիրախային եւ մասնագետների կարիքներին համապատասխան դասընթացներ կազմակերպելու առումով։
«Շարունակական կրթության միջոցով մասնագետները կկատարելագործեն հմտությունները, գիտելիքները, կծանոթան նոր տեխնոլոգիաների, թվային մեթոդների կիրառությանը՝ բոլոր ժամանակներում լինելով պահանջված մասնագետներ։ Արդյունքում քաղաքաշինության ոլորտում կունենանք նոր որակ եւ մասնագիտական ներուժ»,-ընդգծել է Դավիթ Գրիգորյանը։
Վկայական ստացած 92 մասնագետները մասնակցել են «Շինարարական նյութերին ներկայացվող պահանջները», «Քաղաքաշինության բնագավառի օրենսդրություն. շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրման գործընթացի առանձնահատկությունները» եւ «Որակի տեխնիկական հսկումը շինարարությունում» թեմաներով դասընթացներին, որոնց վերաբերյալ համալսարանի ներկայացրած առաջարկը հաստատվել էր Քաղաքաշինության կոմիտեի որակավորման հանձնաժողովի կողմից։
«Բացի այդ, համալսարանը կազմակերպել է նաեւ վերաորակավորման ծրագիր քաղաքաշինության ոլորտում ստացած կրթության եւ աշխատանքային փորձի տարբերություն ունեցող մասնագետների համար։ Արդյունքում վերաորակավորված 12 մասնակիցները ստացել են աշխատանքային փորձին համապատասխան ոլորտում հավաստագիր ձեռք բերելու եւ որպես պատասխանատու մասնագետ կազմակերպություններում ընդգրկվելու հնարավորություն»,-նշել է ՃՇՀԱՀ շարունակական կրթության պատասխանատու Լուսինե Հարությունյանը։
Քաղաքաշինության կոմիտեի կողմից իրականացվող լիցենզավորման նոր գործընթացի համաձայն՝ շարունակական մասնագիտական զարգացման դասընթացների մասնակցությունը եւ կրեդիտների կուտակումը պարտադիր է քաղաքաշինության բնագավառի հավաստագիր ստանալու դիմող մասնագետների համար։
Հավաստագրի յուրաքանչյուր կարգի համար սահմանված է տեսական եւ գործնական կրեդիտների հստակ քանակ։ Կոմիտեի կայքում արդեն հրապարակվել են առաջիկա ՇՄԶ միջոցառումների ժամանակացույցները, որոնց գրանցվելու համար մասնագետները պետք է դիմեն կազմակերպիչներին։