Ազգային անվտանգության սպառնալիք է. ՀՀ ԱԱԾ պահեստազորի սպաների միություն

Վերջին 6 տարիներին Հայաստանում ինտերնետ շահումով խաղերի ոլորտում կատարված խաղադրույքների ընդհանուր գումարը աճել է աննախադեպ 2037% ով՝ կազմելով շուրջ 67 միլիարդ ԱՄՆ դոլար:
Այս մասին տարածած հայտարարության մեջ ահազանգում է «Ազգային անվտանգության ծառայության պահեստազորի սպաների միությունը», որը առաջացած խնդիրների ուսումնասիրության նպատակով համագործակցության հուշագիր է կնքել  «Գիտակից հասարակություն» սոցիալ-իրավական կենտրոն հասարակական կազմակերպության հետ։
«Ուշադրության է արժանի նաև այն հանգամանքը, որ նշված խնդիրը ներառում է ոչ միայն ֆինանսական վերահսկողության անհրաժեշտություն, այլև ուղիղ առնչություն ունի ազգային անվտանգության հետ՝ հնարավոր փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի համատեքստում»,–ասված է հայտարարության մեջ։
«Ազգային անվտանգության ծառայության պահեստազորի սպաների միությունը» համագործակցության կոչ է անում շահագրգիռ կողմերին՝ ինտերնետ շահումով խաղերի ոլորտի գործունեությանն առնչվող հնարավոր ստվերային և կոռուպցիոն երևույթները վեր հանելու, գումարային շարժերը առավել թափանցիկ ու վերահսկելի դարձնելու մեխանիզմներ ներդնելու, և ոլորտը կարգավորելու նպատակով։
Արծածվող խնդիրների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու դեպքում պատշաճ գաղտնիությունը երաշխավորվում է։