«Մեզ սոցցանցերում թուքումուր են անում՝ ասում են ստվերի կրճատումից եք խոսում, բայց ոչ մեկ ՀԴՄ չի տալիս». Փաշինյան

«Եթե որևէ մեկը հարկ չի վճարում, հարկի ցանկացած բարձրացումը նրա համար կարող է նշանակել տասնյակ անգամներով բարձրացում, այսինքն եթե 1 դրամ հարկ էր վճարում, հաջորդ փուլում դարձավ 20 դրամ, ստացվում է, որ հարկը 20 անգամ  բարձրացավ։ Բայց ֆիզիկական ծավալը պետք է նայենք»։ Այս մասին այսօր՝ փետրվարի 12-ին, կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով 2025 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած հարկային փոփոխություններին՝ հավելելով, որ տնտեսվարողները, որոնք տարեկան ունենում են մինչև 10 մլն շրջանառություն, վճարում են ընդամենը 500 հազար դրամ հարկ։

«Հինգ տարի է՝ բոլոր սոցցանցերում մեզ թուքումուր են անում, ասում են՝ էս ի՞նչ ա կատարվում, ոչ մեկ ՀԴՄ չի տալիս, դուք ամբողջ օրը խոսում եք ստվերի կրճատման մասին։ Հիմա կառավարությունն ասում ա՝ 1, 2, 3, 4, 5, 10, 15, 30, 40... բայց մի օր պիտի մի բան անենք, և մենք հիմա նայում ենք, թե ինչ սողանցքներ կան, աշխատել էդ իրադրության հետ։ Գործընկերներն էլ են ասում՝ հարկայինը պետք է վարչարարություն անի։ Շատ լավ, բայց հարկայինի ռեսուրսներն էլ են սահմանափակ, եթե խոսքը տասնյակ հազարավոր ստուգումների մասին ա, դա հնարավոր չէ անել»,–ասաց Փաշինյանը։

Փաշինյանը նշեց, որ վերլուծությունները ցույց են տալիս՝ աշխարհում չկա երկիր, որտեղ միաժամանակ գործեն և՛ շրջանառության հարկը, և՛ ավելացված արժեքի հարկը։ Երկրներն ունենում են հարկային մեկ միասնական համակարգ։

«Մենք ամեն ինչ խառնել ենք իրար, մի հատ էլ ասում ենք՝ ոչինչ թող ստվեր էլ լինի։ Իրական Հայաստանում մի ֆանտաստիկ հարկային քաղաքականություն է ստացվում։ Մենք ասում ենք՝ ժողովուրդ ջան, պետք է բոլորս պատշաճ հարկվենք»,–ասաց Նիկոլ Փաշինյանը։