Թիրախ ենք դրել 6 և ավելի տոկոս տնտեսական աճ ունենալ. նախարարը՝ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի հնարավոր համատեղման մասին

Էկոնոմիկայի նախարարությունը թիրախ է սահմանել 2025 թվականին ապահովել 6 և ավելի տոկոս տնտեսական աճ՝ ավելին, քան բյուջեի մասին օրենքի հիմքում դրված կանխատեսումն է (5.1 տոկոս):  

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով տնտեսական զարգացումներին, արտահանման տեմպի հնարավոր նվազմանը, ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության համատեղմանը ԵԱՏՄ-ում անդամակցության հետ, Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության փաստաթղթի շրջանակում տնտեսական հարաբերություններին ու այլ հարցերի: 

2024 թվականի ՀՆԱ-ի ցուցանիշները դեռ ամփոփված չեն: 9 ասմվա տվյալներով՝ տնտեսական աճը 6 տոկոս է:  

«Մենք վերջին եռամսյակում, հատկապես դեկտեմբերին, արձանագրեցինք ավելի լավ ցուցանիշներ, քան կանխատեսվում էր: 2023 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին ոսկու արտահանման, վերաարտահանման ամենապիկ շրջաններն են եղել, և այդ ամիսների նկատմամբ աճ ապահովելը մի փոքր անհավատալի էր շատերին թվում: Համարվում է «հերոսության» նման մի բան, քանի որ մեծ թվերի նկատմամբ աճ ապահովելը շատ բարդ է: Իրապես նոյեմբերին դժվարություններ ունեցանք, ընդամենը 1.5 տոկոս տնտեսական ակտիվության աճ էր ապահովվել, բայց արդեն դեկտեմբերին 4.7 տոկոս տնտեսական ակտիվության աճ ունեցանք: Տնտեսության մեջ որոշակի ճշգրտումներ տեղի ունեցան Վիճակագրական կոմիտեի կողմից, և տարին ամփոփեցինք տնտեսական ակտիվության 8 տոկոս աճի ցուցանիշով»,-ասաց Պապոյանը:

Նախարարի խոսքով՝ 2024-ի արդյունքներով ՀՆԱ-ն կգերազանցի 10 տրիլիոն դրամը, կլինի 10 տրլն 200 մլրդի շրջանակներում: «Մենք կանխատեսում ենք, որ 2024-ի արդյունքներով 6 տոկոս տնտեսական աճ ենք ունենալու, այսինքն՝ ավելին, քան 2024-ի համար պլանավորվում էր տարեվերջին»,-հավելեց նա:

2025թ բյուջեի մասին օրենքի հիմքում այս տարվա համար դրվել էր 5.1 տոկոս տնտեսական աճի կանխատեսումը: «Բայց մենք մեր առաջ թիրախ ենք դրել 6 և ավելի տոկոս տնտեսական աճ ունենալ: Էկոնոմիկայի նախարարության թիմը երբեք չի հաշտվել և չի կարող հաշտվել, այսպես կոչված, իրականության հետ: Մենք միշտ ձգտում ենք մեր ջանքերի շնորհիվ այդ իրականությունից ավելի բարձր տնտեսական աճ ունենալ: Պետք է ուրախությամբ նշեմ, որ վերջին տարիներին դա միշտ Էկոնոմիկայի նախարարությանը հաջողվել է, բոլորը մի թիվ են ասել, բայց վերջում ավելի բարձր է եղել: Այս առումով 2025-ը մեզ համար բացառություն չէ: Մեզ համար ավելի բարձր թիրախ ենք դրել, քան  Ֆինանսների նախարարությունը, Կենտրոնական բանկը և միջազգային գործընկերները կանխատեսում են: Եվ մեր ջանքերն ուղղելու ենք այդ ուղղությամբ»,-ասաց Պապոյանը:

Նա շեշտեց՝ Էկոնոմիկայի նախարարության թիմն ամեն օր աշխատանքի է գալիս այն նպատակադրմամբ, որ թիրախը 5.1 տոկոսը չէ, թիրախը 6 տոկոսն է կամ ավելի բարձր աճը: 

Անդրադառնալով տնտեսական աճի կառուցվածքին՝ նախարարը համոզմունք հայտնեց, որ 2025-ին ամենաբարձր տեղում կշարունակի մնալ շինարարության աճը, բայց ավելի համեստ ցուցանիշներով՝ 6.2 տոկոսի շրջանակներում: Թեև  Երևանում եկամտային հարկի վերադարձի ծրագրի դադարեցմամբ պայմանավորված՝ 2024-ի աճի տեմպերը չեն պահպանվի, քանի որ թե՛ 2024-ին, թե՛ 2023-ին աճը երկնիշ է եղել: Ըստ նախարարի՝ տեմպը կնվազի, սակայն ծավալները կշարունակեն մեծ մնալ:  

Մոտ 5.2 տոկոս աճ է ակնկալվում արդյունաբերության և ծառայությունների ոլորտում: «Սա նշանակում է, որ մենք որակական աճի էջն ենք թևակոխում: Երբ խոսում ենք արդյունաբերության և ծառայությունների մասին, դրանք, ըստ էության, արտահանելի հատվածներ են: Եվ շատ կարևոր են այդտեղ աճերը»,-նշեց նախարարը:

Նա հավելեց՝ նախընտրելի է ունենալ ոչ 1-2 ոլորտների վրա հենված, այլ հավասարակշռված, կայուն աճեր: 

Նյութն ամբողջությամբ՝ armenpress.am