Արագածոտնի Ագարակ գյուղում ջերմատուն կկառուցվի

ՀՀ կառավարությունը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատեց «ԱՎԱԼԱՆԺ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:

Այս ընկերության կողմից ներմուծվող սարքավորումներով նախատեսվում է ՀՀ Արագածոտնի մարզի Ագարակ գյուղում կառուցել նոր ջերմատուն՝ վարդերի աճեցման համար։

Ներդրումային ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 40 մլն դրամի ներդրում հիմնական միջոցների ձեռքբերման (ներառում է նաև ներմուծվող ապրանքների արժեքը), 25 մլն դրամի ներդրում հումքի ձեռքբերման և 78 մլն դրամի ներդրում շինարարական աշխատանքների իրականացման համար։

Ներկայումս առկա է 67աշխատատեղ՝ 112 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։ Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներում, մինչև 2026 թվականը ընկած ժամանակահատվածում աշխատատեղերի թիվը հասցնել՝ մինչև 68-ի 115 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 19․7 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 990 հազ դրամ։