Հայկական ընկերությունը բեռներ կտեղափոխի «Չաբահարով», բայց սակագները դեռ հայտնի չեն
Հայկական ընկերություններից մեկը պայմանավորվածություն է ձեռք բերել իրանական «Չաբահար» նավահանգստի ազատ առևտրի գոտում գրանցվելու և լոգիստիկ գործունեություն սկսելու վերաբերյալ։ Այս մասին Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։
Հայկական ընկերության գրանցումը Չաբահար ԱԱԳ-ում հայկական ընկերությունների և իրանական կողմի միջև փոխըմբռնման և համագործակցության հուշագրի ստորագրման արդյունք է:
Գերատեսչությունում հիշեցրել են, որ հուշագիրը ստորագրվել է 2024 թվականի նոյեմբերի 11-ից 14-ը ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Հովակիմյանի գլխավորած պատվիրակության Իրան և, մասնավորապես, Չաբահարի նավահանգիստ կատարած աշխատանքային այցի արդյունքում։
Ընդ որում, նախատեսվող բեռնափոխադրումների արժեքի վերաբերյալ Երևանն առայժմ տվյալներ չունի։
«Տնտեսական արդյունավետության ցուցանիշը հասկանալու առումով անհրաժեշտ է որոշակի քանակությամբ բեռների փոխադրումներ իրականացնել, որոնց ուղղությամբ ևս ներկայում աշխատանքներ են իրականացվում»,-նշել են էկոնոմիկայի նախարարությունում։
Մեր հարցմանն ի պատասխան նշվում է նաև, որ Հայաստանը շահագրգռված է Իրանի և Հնդկաստանի միացմամբ առևտրային միջանցքի նախագծի իրականացման հարցում։ Ավելին, Երևանն աշխատում է Իրանի «Չաբահար» նավահանգստով դեպի Հնդկաստան և Չինաստան և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումների գործընթացը կազմակերպելու ուղղությամբ։
Նախարարությունը պարզաբանում է, որ Հայաստանն աշխատում է արտաքին աշխարհի հետ նոր լոգիստիկ երթուղիների դիվերսիֆիկացման ուղղությամբ, և հեռանկարային շուկաներ հասանելիություն ապահովելու տեսանկյունից «Չաբահար» նավահանգստով բեռնափոխադրումների իրականացումը դիտարկվում է որպես այդ երթուղիներից մեկը։
Բացի այդ, հայկական կողմը գտնում է, որ «Չաբահար» նավահանգստով բեռնափոխադրումները, այդ թվում՝ Հնդկաստանից Հայաստան և հակառակ ուղղությամբ կանոնավոր ծովային բեռնափոխադրումները, թույլ կտան էապես կրճատել բեռնափոխադրումների ժամանակը: Դա թույլ կտա բարենպաստ պայմաններ ստեղծել փոխադարձ առևտրի ծավալների մեծացման համար։
Աղբյուրը՝ arm.sputniknews.ru