Սնուփ Դոգի համերգի կազմակերպման համար հատկացված գումարը դեռ չի վերադարձվել պետական բյուջե
Սնուփ Դոգի համերգի կազմակերպման համար հատկացված գումարը դեռ չի վերադարձվել պետական բյուջե։
Ասուլիսի ընթացքում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտարարեց՝ նախարարությունը գրավոր դիմում է ներկայացրել «Դոպինգ Սփեյս» կազմակերպությանը՝ Սնուփ Դոգի չկայացած համերգի ամբողջ գումարը պետական բյուջե վերադարձնելու պահանջով։
«Նրանք ամբողջ տարին բանակցել են, և տարբեր ժամանակաշրջաններում ունեցել ենք որոշակի պայմանավորվածություններ, որոնք ինչ-ինչ պատճառներով տեղի չեն ունեցել: Սա նշանակում է, որ պետք է գործեն պայմանագրի դրույթները: Այսինքն՝ քանի որ նախատեսված ժամանակահատվածում համերգը չի կայացել, մենք արդեն գրությամբ դիմել ենք կազմակերպությանը, որ ամբողջ գումարը վերադարձվի պետական բյուջե»,- ասել է նախարարը։
Հայտարարությունից ավելի քան մեկ ամիս անց ԿԳՄՍ նախարարությունը դեռևս սպասում է ընկերության կողմից համապատասխան գործողությունների։
Հիշեցնենք՝ 2023 թվականի հուլիսին հայտարարություն էր տարածվել, որ աշխարհահռչակ ռեփեր Սնուփ Դոգը սեպտեմբերի 23-ին համերգ կունենա Երևանում։ Պայմանագրի արժեքը 2 մլրդ 318 մլն դրամ էր կամ 6 մլն դոլար ԱՄՆ դոլար։ Ինչպես նշված էր նախագծի հիմնավորման մեջ, այդ գումարը պիտի ուղղվեր Սնուփ Դոգի հոնորարի վճարմանը, արտիստի թիմի տեխնիկական պահանջների, անվտանգության և ապահովագրական ծախսերի, բարձրակարգ տեխնիկական հագեցվածության ապահովմանը և գովազդային միջոցառումների իրականացմանը:
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի ծավալած լայնամասշտաբ ագրեսիայից և իրականացրած ոճրագործություններից հետո համերգի կազմակերպիչները, դատապարտելով Բաքվի գործողությունները, հայտարարեցին, որ սեպտեմբերի 23-ին նախատեսված համերգը հետաձգվում է։ Համերգը չկայացավ, իսկ գումարը պետբյուջե դեռ չի վերադարձվել։
Աղբյուրը՝ hetq.am