Կադաստրի կոմիտեի Լոռու նորաստեղծ խորհրդատվական կենտրոնը կնպաստի մարզում կադաստրային ծառայությունների մատչելիությանը

Լոռու մարզպետարանում փետրվարի 17-ին անց է կացվել խորհրդակցություն Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի, Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի, մարզի համայնքների ղեկավարների, Կադաստրի կոմիտեի, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանների պատասխանատու այլ պաշտոնյաների մասնակցությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Կադաստրի կոմիտեի գործառույթներին և համայնքների հետ առավել արդյունավետ համագործակցությանն առնչվող հարցեր:

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը կարևորել է նման ձևաչափով հանդիպման անցկացումը և շնորհակալություն հայտնել Կադաստրի կոմիտեի ղեկավարին՝ ցուցաբերած պատրաստակամության համար: Մարզպետը հատկապես ընդգծել է քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի շարունակական բարելավման անհրաժեշտությունը և հորդորել համայնքների ղեկավարներին ակտիվ համագործակցել Կադաստրի կոմիտեի հետ՝ առկա խնդիրների արագ և արդյունավետ լուծման համար:

Կոմիտեի ղեկավարը մանրամասն ներկայացրել է համակարգում ընթացող համապարփակ բարեփոխումները: Նա հատկապես ընդգծել է, որ նախկին ստորաբաժանումների փոխարեն արդեն իսկ հաջողությամբ գործում է նորաստեղծ Լոռու մարզային խորհրդատվական կենտրոնը, որը թույլ է տալիս էականորեն բարելավել քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը: Սուրեն Թովմասյանը նշել է, որ քաղաքացիները կենտրոնում կարող են ստանալ ամբողջական տեղեկատվություն և արագ լուծումներ բարձրացվող հարցերին:

Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել կադաստրային քարտեզներում համայնքների վարչական սահմանների, համայնքների կադաստրային քարտեզների ճշգրտմանը, քարտեզագրման համակարգին վերաբերող խնդիրներին:

Հարցեր են բարձրացվել նաև գույքի հաշվառման, հողերի սեփականաշնորհման, թվայնացված քարտեզներում անճշտությունների շտկմանն առնչվող բազմաթիվ հարցերի վերաբերյալ:

Կոմիտեի նախագահը հանգամանալից պատասխանել է բոլոր հարցերին, ներկայացրել պարզաբանումներ:

Համայնքներում առկա հիմնախնդիրների օպերատիվ կարգավորման, խնդրահարույց հարցերի արագ և արդյունավետ լուծման նպատակով՝ պայմանավորվածություն է ձեռքբերվել Կադաստրի կոմիտեի մասնագետների կողմից համայնքներին մասնագիտական աջակցություն տրամադրելու վերաբերյալ:

Խորհրդակցությունից հետո ներկաներն այցելել են Կադաստրի կոմիտեի Լոռու խորհրդատվական կենտրոն: Մարզպետ Արամ Ղազարյանի և Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի գլխավորությամբ պաշտոնյաները շրջել են տարածքում, ծանոթացել նորաստեղծ կենտրոնի պայմաններին, էլեկտրոնային սպասարկման նոր համակարգին, զրուցել աշխատակիցների և տվյալ պահին կենտրոնի ծառայությունից օգտվող քաղաքացիների հետ:

Այցի ավարտին մարզի ղեկավարը բարձր է գնահատել խորհրդատվական կենտրոնի աշխատանքը և վստահություն հայտնել, որ այն էականորեն կնպաստի մարզում կադաստրային ծառայությունների մատչելիությանը: