Երեւանում կկառուցվի միջազգային ստանդարտներին համապատասխան ավտոդրոմ/կարտադրոմ

Կառավարությունը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատեց «ՆՈՒՌ ՐԵՅՍԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:

Այս ընկերության նպատակն է փուլային ներդրումների միջոցով զարգացնել ավտոսպորտը Հայաստանում։

Առաջին փուլի շրջանակներում արդեն ձեռք են բերվել 15 միջազգային ստանդարտներին համապատասխան սպորտային մեքենաներ (Sodi RT 8)։ Դրանց միջոցով նախատեսվում է կազմակերպել միջազգային մրցաշարեր Հայաստանում։ Թիրախային մասնակիցներն են Ռուսաստանի, Վրաստանի, Իրանի և այլ երկրներից ժամանող ներկայացուցիչները, որոնք կցանկանան մրցակցել բացառիկ պայմաններում, քանի որ տարածաշրջանում նմանատիպ մեքենաներ ունենալու է միայն Հայաստանը։

Երկրորդ փուլում, ներդրումների հաջող իրագործման դեպքում, նախատեսվում է կառուցել միջազգային ստանդարտներին համապատասխան ավտոդրոմ/կարտադրոմ։ Այս ենթակառուցվածքը կկարողանա հյուրընկալել խոշոր միջազգային մրցաշարեր՝ խթանելով զբոսաշրջության մեծ հոսք դեպի Հայաստան։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 12․8մլն դրամի ներդրում սարքավորումների ձեռքբերման համար։

Ներդրումային ծրագրի շրջանակներում մինչև 2026 թվականը նախատեսվում է ստեղծել 5 նոր աշխատատեղ՝ 300 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է12․8 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 2․3 մլն դրամ: