Մինչև հունիսի 30–ը հնարավոր կլինի 0% մաքսատուրքով կարտոֆիլի սերմացու ներմուծել Հայաստան
Հայաստանի Հանրապետությանը հատկացվել է 3,5 հազար տոննա ծավալով կարտոֆիլի սերմացուի ներմուծման 0% մաքսատուրքի դրույքաչափ նկատմամբ սակագնային արտոնություն։ Այսինքն, Հայաստան ներմուծվող կարտոֆիլի սերմացուի նկատմամբ սակագնային արտոնություն կկիրառվի 6 ամիս ժամկետով։ ՀՀ կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշումը պայմանավորված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի` 2025 թ. հունվարի 22–ի որոշման կիրառումը պատշաճ ապահովելու անհրաժեշտությամբ։
«Նախագծով նախատեսված միջոցառման իրականացումն ուղղված է ՀՀ գյուղատնտեսությանը կարտոֆիլի որակյալ սերմացուով ապահովմանը»,– ասված է որոշման հիմնավորման մեջ։
Կարտոֆիլի սերմացուի ներմուծման լիցենզիա տալու մասով լիազոր մարմին է ճանաչվել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։
Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և գործում է մինչև 2025 թ. հունիսի 30–ը ներառյալ։