ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է ՎԶԵԲ-ի տարածաշրջանային եւ ազգային համակարգման թիմերի ներկայացուցիչներին

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի տարածաշրջանային եւ ազգային համակարգման թիմերի ներկայացուցիչներին։ Հանդիպմանը ՊԵԿ նախագահը ընդգծել է մաքսային ենթակառուցվածքների արդիականացման շրջանակում ՎԶԵԲ աջակցության կարեւորագույն դերը։

Քննարկվել են ներկայում ՎԶԵԲ աջակցությամբ իրականացվող ծրագրերը, մասնավորապես, Ագարակի անցակետի վերակառուցման եւ արդիականացման, ինչպես նաեւ Սիսիանում ու Երեւանում արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնների կառուցման ծրագրերը, դրանց ներկա վիճակը, հիմնական խնդիրները։ Անդրադարձ է կատարվել առկա խնդիրների լուծման հնարավոր ուղիներին։

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաեւ ՎԶԵԲ-ի հետ մեկնարկած սահմանային անցակետերում ենթակառուցվածքների արդիականացման ծրագիրը, ինչպես նաեւ նախանշվել են իրականացման հետագա ուղղությունները։ Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել իրականացնել ձեռք բերված պայմանավորվածությունները եւ ապահովել համգործակցության շարունակական ընթացքը։