ԱՏՁՄ-ն մտադիր է ՀՀ հրավիրել աշխարհի 100 առաջատար վենչուրային հիմնադրամներից 10-ին ու արհեստական բանականության 10 լավագույն մասնագետներին
Հայաստանի Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) 2025 թվականին ձգտելու է զարգացնել նախորդ տարի մի շարք ուղղություններով գրանցած հաջողությունները:
Հիմնական նպատակներից է ապահովել կառույցի անդամների քանակի շարունակական աճը, վերազինել «Արմաթ» լաբորատորիաների 100-ից ավելի աշխատանոցներ, միջազգային մակարդակի հասցնել DigiTec միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսը, Հայաստան հրավիրել աշխարհի թոփ 100 վենչուրային ֆոնդերից 10-ին, ինչպես նաև արհեստական բանականության ոլորտի համաշխարհային 10 առաջատար մասնագետների:
Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց ԱՏՁՄ գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանը:
- Ինչպե՞ս եք գնահատում ԱՏՁՄ-ի գործունեությունը 2024 թվականին։
- Նախորդ տարի մեր միությունն աննախադեպ առաջընթաց է գրանցել տարբեր ուղղություններով: ԱՏՁՄ անդամների քանակը կրկնակի աճելով՝ հասել է 216-ի: Նաև անցկացրել ենք երբևէ կազմակերպած ամենախոշոր DigiTec-ը: Վերազինել ենք «Արմաթ»-ի ավելի քան 50 աշխատանոցներ, որոնք 2014 թվականին բացվելուց հետո արդեն արդիականացման կարիք ունեին: Ի դեպ, 2025 թվականին 97 մլն դրամով ավելացել է «Արմաթ»-ի խմբավարների աշխատավարձերի բյուջեն, որը նախորդ տարի 45 միլիոն դրամով պակաս էր: Նշեմ նաև, որ անցյալ տարի բացվել է «Արմաթ»-ի ևս 17 աշխատանոց, որոնց քանակը 2025-ին նույնպես մտադիր ենք ավելացնել: Տարվա ընթացքում նաև վերազինելու ենք 100-ից ավելի աշխատանոցներ: Դա շատ կարևոր է որակյալ աշխատանք ապահովելու առումով:
Անշուշտ, ԱՏՁՄ-ի համար մեծ նվաճում էր նորարարությունների և տեխնոլոգիաների WCIT2024 համաշխարհային կոնֆերանսի անցկացումը Երևանում: Դրան, հիշեցնեմ, մասնակցում էին ավելի քան 80 պատվիրակություններ, շուրջ 500 արտասահմանցի հյուրեր, ներդրողներ և ձեռներեցներ, որոնք նաև ծանոթացան DigiTec-ին և մեր տեխնոլոգիական համայնքին: Համաժողովն աննախադեպ էր նաև միջազգային առաջատար լրատվամիջոցների (դրանք 14-ն էին) ներգրավվածությամբ: Այդ օրերին Հայաստանը լայնորեն ներկայացվեց գրեթե բոլոր աշխարհամասերի հանրությանը:
Եվ, իհարկե, հպարտությամբ պետք է նշեմ, որ 2024-ին ԱՏՁՄ-ն ընդգրկվել է Հայաստանի 1000 խոշոր հարկատուների շարքում՝ ապահովելով ՏՏ ընկերությունների վճարած հարկերի 73 տոկոսը:
- Ոլորտում կա՞ն հրատապ խնդիրներ:
- Ակնհայտ է, որ պետական տարբեր կառույցները, այդ թվում՝ կառավարությունը և Ազգային ժողովը շարունակաբար լուրջ ուշադրություն են դարձնում տեխնոլոգիական ոլորտին: Այնուհանդերձ, ցանկալի է ունենալ ավելի որակյալ աշխատանքային ձևաչափեր, որոնք թույլ կտան առավել լսելի դարձնել մեր ձայնը, ապահովել ավելի թիրախային ներդրումներ, որպեսզի հայկական ընկերությունները կարողանան դիմակայել համաշխարհային մակարդակի փոփոխություններին:
Մեզ համար զգալի է, օրինակ, դրամի արժևորումը 20 տոկոսով, ինչը գրեթե առանց շահույթի թողեց արտաքին պատվերներով զբաղվող մեր ընկերություններին: Նրանք աշխատում էին 15-30 տոկոս շահութաբերությամբ, որը հիմա կտրուկ կրճատվել է:
Լուրջ խնդիր է նաև աշխարհում արհեստական բանականության կտրուկ զարգացումը, որը հանգեցնում է այն աշխատանքի ավտոմատացմանը, որը, որպես կանոն, կատարում են ծրագրային ապահովմամբ զբաղվող սկսնակ և միջին որակավորման աշխատակիցները: Եթե նախկինում մեկ բարձրակարգ մասնագետը աշխատանքներին ներգրավում էր մոտ 10 սկսնակների, ապա հիմա նա ի վիճակի է միայնակ լուծել սահմանած խնդիրը: Այդ պատճառով 2024 թվականին Հայաստանում պակասել է շուրջ երկու հազար աշխատատեղ:
- Ի՞նչ ծրագրեր և նպատակներ ունեք 2025 թվականին:
- Կարևոր է ամրապնդել մեր համայնքի միասնականությունը և կազմակերպության անդամների քանակը դարձնել 300-ից ավելի: «Արմաթ»-ի հետ կապված ծրագրերին արդեն անդրադարձա: Մտադիր ենք DigiTec-ը հասցնել միջազգային մակարդակի: Նախատեսում ենք հրավիրել աշխարհի թոփ 100 վենչուրային ֆոնդերից 10-ին, նաև արհեստական բանականության 10 լավագույն մասնագետների, որպեսզի մեր համայնքի ներկայացուցիչները կարողանան կապեր հաստատել և արդյունավետ համագործակցել նրանց հետ ու ավելի հեշտությամբ պատրաստել միջազգային շուկաներում մրցունակ արտադրանք: Ներդրողներն էլ իրենց հերթին կծանոթանան Հայաստանի ներդրումային միջավայրին և պայմաններին:
Աղբյուրը՝ armenpress.am