20 մլրդ 46 մլն դրամ կծախսվի Կասկադի ծրագիրն իրագործելու համար

Երևանի քաղաքապետարանը Կասկադ ճարտարապետական ​​համալիրի վերջնական տեսքի համար նախապատվություն է տվել ֆրանսիացի ճարտարապետ Ժան Միշել Վիլմոնի «Մշակութային կասկադ» հայեցակարգին․ նախատեսվում է, որ «Նոր Կասկադ» նախագիծը կավարտվի շինարարության մեկնարկից հետո 5 տարվա ընթացքում։
«Երևանի քաղաքապետարանը, հաղթող մասնակցի հետ կնքելով պայմանագիր, հնարավորություն է տալու վերջինիս կառուցապատման իրավունքի հիման վրա իրականացնել «Կասկադ» համալիրի վերակառուցման աշխատանքները, որի արդյունքում համալիրը ստանալու է ամբողջական տեսք, ապահովվելու է նորաստեղծ հատվածի կապը ինչպես «Գաֆէսճեան» թանգարանի, այնպես էլ Հաղթանակի 50–ամյակի հուշարձանի միջև»,– այսօր ասվել է Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում։
Նշենք, որ նորաստեղծ հատվածն ընդգրկելու է 33000 քմ կառուցապատման մակերես, որտեղ տեղակայված է լինելու 1000 հոգու համար նախատեսված համերգասրահ, արվեստանոցների համար նախատեսված տարածքներ, ժամանցի և հանգստի գոտիներ։ Տարածքում լինելու է նաև ստորգետնյա ավտոկայանատեղի և կանաչապատ տարածքներ։ Ծրագրի ավարտին ամբողջ տարածքը փոխանցվել է Երևան համայնքին` որպես սեփականություն։