Բրիտանիան վերսկսում է Հնդկաստանի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Մեծ Բրիտանիան եւ Հնդկաստանը կվերսկսեն բանակցություններն ազատ առեւտրի համաձայնագրի շուրջ։ Միացյալ Թագավորության բիզնեսի եւ առեւտրի դեպարտամենտի հաղորդագրության համաձայն՝ գերատեսչության ղեկավար Ջոնաթան Ռեյնոլդսը փետրվարի 24-ն Նյու Դելիում կհանդիպի Հնդկաստանի առեւտրի եւ արդյունաբերության նախարար Փիյուշ Գոյալի հետ։
Հաղորդագրությունում նշվել է, որ կանխատեսվում է, որ առաջիկա հինգ տարիների ընթացքում Հնդկաստանը կունենա ամենաարագ տնտեսական աճը G20 երկրների շարքում եւ մինչեւ 2028թ. կդառնա աշխարհի երրորդ խոշորագույն տնտեսությունը: Մեծ Բրիտանիայի առեւտրի նախարարությունն ավելացրել է, որ Հնդկաստանի հզոր միջին խավը, որը մինչեւ 2035թ. կհասնի 95 միլիոն մարդու, նշանակում է մեծ հնարավորություններ բրիտանական բիզնեսի համար։
Նշվել է, որ բանակցությունները, որոնք դադարեցվել էին անցյալ տարի Մեծ Բրիտանիայում նախընտրական քարոզարշավի ժամանակ, կտեւեն երկու օր։ Ներկայում Մեծ Բրիտանիայի եւ Հնդկաստանի միջեւ առեւտուրը կազմում է շուրջ 41 մլրդ ֆունտ (52 մլրդ դոլար): Լոնդոնը եւ Նյու Դելին աշխատում են ազատ առեւտրի համաձայնագրի շուրջ 2022թ. հունվարից։