ԵԱԶԲ–ն ակնկալում է Հայաստանի տնտեսության աճի բարձր տեմպերի պահպանում 2025թ․–ին

«Հայաստանի ՀՆԱ-ն 2024 թվականի արդյունքներով աճել է 5,9%-ով: ՀՆԱ-ի աճում ամենամեծ ներդրումը ունեցել է ծառայությունների ոլորտը՝ առևտուրը, անշարժ գույքի հետ գործարքները և ֆինանսական գործունեությունը, ինչպես նաև շինարարությունը (աճել են համապատասխանաբար 16,8%, 19,0%, 18,1% և 13,5%-ով): Տնային տնտեսությունների սպառողական ծախսերն ու ներդրումները եղել են պահանջարկի հիմնական խթանողները (աճել են համապատասխանաբար 6,6%-ով և 11,1%-ով), իսկ մաքուր արտահանումը դրական ազդեցություն է ունեցել, ապրանքների և ծառայությունների արտահանումը աճել է 35,6%-ով, ներմուծումը՝ 31,4%-ով»,- ասվում է ԵԱԶԲ-ի շաբաթական մակրոտնտեսական ակնարկում։

Թվեր և կանխատեսումներ Հայաստանի տնտեսության վերաբերյալ

Հայաստանի տնտեսական աճը 2025 թվականի պետական բյուջեում նախատեսված է 5,1%-ով: Կենտրոնական բանկի այս տարվա չորրորդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության հաշվետվության համաձայն՝ 2025 թվականի վերջի դրությամբ Հայաստանի ՀՆԱ-ի աճն ակնկալվում է 7,1-4,8 տոկոսի սահմաններում, 2026 թվականին՝ 4,7-7 տոկոս, 2027 թվականի համար՝ 5-6,2 տոկոս:

ԵԱԶԲ-ն 2025 թվականին Հայաստանի ՀՆԱ-ի աճը կանխատեսում է 5,5 տոկոս։ Համաշխարհային բանկն ակնկալում է, որ 2025 թվականին Հայաստանի տնտեսությունը կաճի 5%-ով, ԱՄՀ-ն՝ 4,9%-ով, ՎԶԵԲ-ը՝ 4,8%-ով, ԱԶԲ-ն՝ 6%-ով։ Ըստ Fitch Ratings-ի՝ 2025 թվականին Հայաստանի տնտեսությունը կաճի 4,9 տոկոսով, մինչդեռ ՄԱԿ-ն ակնկալում է, որ 2025 թվականին Հայաստանի տնտեսությունը կաճի 5,2 տոկոսով, իսկ 2026 թվականին՝ 4,7 տոկոսով։