Լոռու մարզպետի մոտ քննարկվել են ընթացող նախագծերն ու նախանշվել անելիքները
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանն անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն: Նիստին մասնակցել են մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ, ոլորտային պատասխանատու այլ պաշտոնյաներ:
Ներկայացվել են մարզի ղեկավարի կողմից նախորդ խորհրդակցություններին տրված հանձնարարականների կատարման ընթացքը, շաբաթվա ընթացքում տարբեր ոլորտներում իրականացված աշխատանքները և ընթացիկ շաբաթվա անելիքները:
Քննարկվել են համայնքներում կապիտալ և սուբվենցիոն ծրագրերով մարզում իրականացվող շինարարական աշխատանքները, Լոռու մարզպետի աշխատակազմի կողմից իրականացված դիտարկումների արդյունքները՝ կապված ծրագրերի որակի, ժամկետների և ընթացիկ խնդիրների հետ:
Մարզի ղեկավարը համապատասխան մասնագետներին հորդորել է մարզի և համայնքների զարգացմանն ուղղված շինարարական բոլոր ծրագրերի պատշաճ իրականացման նպատակով շարունակել ամենօրյա հսկողությունը, արձանագրել և ներկայացնել շինարարական աշխատանքների մշտադիտարկման արդյունքները, թերությունների հայտնաբերման դեպքում ձեռնարկել համապատասխան միջոցներ դրանց վերացման ուղղությամբ:
Օրակարգի հաջորդ հարցով անդրադարձ է կատարվել հանրակրթության կազմակերպման գործընթացը սահմանված չափորոշիչներին համապատասխան իրականացնելու կարևորությանը: Մարզպետը կարևորել է նաև դպրոցների և դպրոցականների ծնողների միջև կապի ամրապնդումը և առողջ համագործակցությունը:
Քննարկվել են մի շարք այլ հարցեր, տրվել են նոր հանձնարարականներ.
- մարզում աշխատանքներ տանել բնակելի շենքերի բակերում ինքնակամ կառույցների գույքագրման ուղղությամբ և օրենքին համապատասխան՝ դրանց հետագա ճակատագրի վերաբերյալ հստակ առաջարկություններ ներկայացնել,
- համապատասխան աշխատանքներ իրականացնել փողոցային առևտրի կասեցման նպատակով,
- ուսումնասիրել տարբեր ժամանակահատվածներում համայնքապատկան կառույցների օտարման պատճառները և դրանց օրինական հիմքերը, անհրաժեշտության դեպքում համագործակցել իրավապահ մարմինների հետ,
- մարզի համայնքապետարանների հետ աշխատանքներ տանել համայնքային զբոսայգիների լիարժեք գործունեության և պայմանների բարելավման ուղղությամբ:
Լոռու մարզպետը նշել է, որ հարկավոր է հետևողականորեն աշխատել համայնքների զարգացման և բարեկարգման ուղղությամբ՝ բնակիչների համար ապահովելով առավել բարեկեցիկ ու հարմարավետ միջավայր։
Արամ Ղազարյանն ընդգծել է, որ զբոսայգիները պետք է հանգստի ու ժամանցի համար նախատեսված հարմարավետ վայրեր լինեն, իսկ բակերն ու մայթերը՝ բնակիչների ազատ տեղաշարժին չխոչընդոտող անվտանգ և բարեկարգ տարածքներ։
Մարզի ղեկավարը վստահություն է հայտնել, որ համատեղ ջանքերով հնարավոր է ապահովել համայնքների շարունակական զարգացումն՝ ի շահ մարզի բնակիչների: