Փորձագետ. Կառավարությունը չպետք է ֆինանսավորի անհուսալի վարկառուներին աջակցելու ծրագիրը
Վստահ չեմ, որ անհուսալի վարկեր ունեցող քաղաքացիներին աջակցելու ծրագիրը պետք է ֆինանսավորվի կառավարության կողմից։ Այս մասին EconoMIX ծրագրի շրջանակներում ասել է Հայաստանի ամերիկյան համալսարանի բիզնեսի և տնտեսագիտության քոլեջի դեկան, նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը։
Նա հավելել է, որ այնքան էլ ոգեւորված էչէ, որ ծրագիրը ֆինանսավորվելու է եկամտահարկից, բայց գոնե լավ է, որ դրանից կարող են օգտվել միայն հարկատուները:
Նրա գնահատմամբ՝ այս մոտեցումը վտանգ է ներկայացնում բարեխղճության տեսանկյունից: Փորձագետը պարզաբանեց, որ վարկառուների մոտ կարող է կարծիք ձևավորվել, որ իրենք կարող են խուսափել վարկերի մարումից՝ հուսալով, որ պետությունը հետագայում ինչ-որ կերպ կօգնի իրենց այդ հարցում։
Միաժամանակ Գաբրիելյանը ծրագրի իրականացումն անվանեց դրական փոփոխություն այն տեսանկյունից, որ ֆինանսական ծառայությունները հասանելի կդառնան մեծ թվով մարդկանց, ինչը կարող է բարելավել նրանց բարեկեցությունը։ «Շատերը նորից կկարողանան լիարժեք օգտվել ֆինանսական ծառայություններից»,- եզրափակեց Վաչե Գաբրիելյանը։
Հիշեցնենք, որ փետրվարի 1-ից Հայաստանում մեկնարկել է անհուսալի վարկեր ունեցող քաղաքացիներին աջակցելու ծրագիրը։ Ծրագրից կարող են օգտվել նրանք, ովքեր վարկային պարտավորություններ ունեն Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված բանկերում և վարկային կազմակերպություններում, որոնց բոլոր վարկերի գծով հիմնական պարտքի ընդհանուր գումարը հայտի օրվա դրությամբ կազմում է 1 մլն դրամից պակաս, և այդ վարկերը դասակարգվել են որպես վատթարագույն առնվազն 3 տարի: Վարկի սպասարկման համար աշխատավարձից պահվող գումարի չափը սահմանվել է 20%` 24 ամիս ժամկետով` նախկին մինչև 50% սահմանաչափի փոխարեն»: