Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք նախագծեր

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 26-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած մի շարք նախագծեր: Նիստը վարել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը:

«ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը վերաբերում է հանցագործության հիմքով սեփականատիրոջ տիրապետումից դուրս գտնվող տրասպորտային միջոցների սեփականատերերին գույքահարկի վճարման պարտավորությունից ազատելուն` մինչեւ դրանց փաստացի վերադարձմանը: Սահմանվում է, որ վնասը փոխհատուցելու է հանցագործություն կատարած անձը:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթեւիկ Սարգսյանի ներկայացմամբ ««Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթում առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում կատարվել են որոշ տեխնիկական, խմբագրական բնույթի փոփոխություններ:

Օրենսդրական փաթեթի ընդունմամբ նախատեսվում է կանոնակարգել կաթնամթերքի վաճառքի դեպքում դարակաշարերին ներկայացվող պահանջները` սահմանելով գունային տարանջատում. առանց կաթնային յուղի (կաթնային ճարպի) կաթնամթերքի վաճառքի դեպքում տարանջատված դարակաշարն ապահոված լինի կանաչ գույնով, իսկ կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչի դեպքում` նարնջագույնով: Սահմանված փոփոխությունների նպատակն է կանխել սպառողներին մոլորության մեջ գցող գործողությունները:

Քննարկված օրենսդրական նախաձեռնությունները ստացել են դրական եզրակացություն:

Հեղինակի առաջարկով մինչեւ երկու ամիս ժամկետով հետաձգվել է ««Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրինագծի քննարկումը:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նաեւ պագամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» 2024 թվականի հունիսի 12-ի ՀՕ-269-Ն օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերի փաթեթն առաջիկա հերթական նիստերի օրակարգում ընդգրկելուն եւ երկրորդ ընթերցումն առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո 24 ժամվա ընթացքում կազմակերպելուն:

Նախաձեռնության հեղինակ Հայկ Սարգսյանի տեղեկացմամբ Կառավարությունում փաթեթի վերաբերյալ քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկել է, որ օրենքն ուժի մեջ մտնի ոչ թե այն ընդունվելուց վեց ամիս հետո, այլեւ ապրիլի 1-ից: Առաջարկն ընդունելի համարելով` պատգամավորը նշել է, որ օրենքում փոփոխությունը կկատարվի առաջինից երկրորդ ընթերցում, որի արդյունքում բուքմեյքերական եւ շահումով խաղերով զբաղվող ընկերությունների հարկային պարտավորությունները կավելանան ապրիլի 1-ից: