ՀՀ ֆինանսների նախարարությունը ՏՀԶԿ-ի հետ տեխնիկական համագործակցության շրջանակներում կազմակերպել է աշխատաժողով
ՀՀ ֆինանսների նախարարությունը Նիդերլանդների ֆինանսների նախարարության և Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) հետ տեխնիկական համագործակցության շրջանակներում կազմակերպել է աշխատաժողով՝ «Ծրագրային բյուջետավորման կատարողականի գնահատում» թեմայով: Այն համակարգվել է ՀՀ ՖՆ բյուջետային գործընթացի համակարգման վարչության կողմից և համախմբել ՀՀ ֆինանսների նախարարության և այլ գերատեսչությունների համապատասխան ներկայացուցիչների:
Աշխատաժողովը վարել են ՏՀԶԿ հանրային կառավարման և բյուջետավորման բաժնի վերլուծաբանները: Երկու օրվա ընթացքում շուրջ 40 մասնակիցներ ծանոթացել են պետական բյուջեի և կառավարության առաջնահերթությունների միջև փոխկապակցվածության, նպատակների և վերջնական արդյունքների մշակման հիմնադրույթներին, ինչպես նաև ներգրավվել մի շարք գործնական վարժություններում: