Ճանաչողական այցով Հայաստանում է Դանիայի արդյունաբերության ասոցիացիայի պատվիրակը

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության (ՀԱԳՄ) ու Դանիայի արդյունաբերության ասոցիացիայի (DI) միջև հաստատված համագործակցության շրջանակներում փետրվարի 26-ին ՀԱԳՄ-ում հյուրընկալվել է DI-ի առաջատար ավագ խորհրդական Պիտեր Հելքը։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀԱԳՄ-ից, հանդիպմանը քննարկվել են երկու կառույցների միջև փոխգործակցության հետագա ծրագրերը, գործարար համայնքի շահերը ներկայացնող ոչ կառավարական կազմակերպությունների գործունեության առանձնահատկությունները, ձեռներեցության զարգացմանը միտված քայլերի արդյունավետության բարձրացման հնարավորությունները, օրինաստեղծ և տնտեսական բարեփոխումների գործընթացներում մասնավոր հատվածի  գործուն մասնակցության ապահովման ուղիները։ 

«Առանձնակի անդրադարձ եղավ պետություն–մասնավոր հատված երկխոսության կարևորությանը և վերջինիս էլ ավելի կառուցողական բնույթ հաղորդելու գործիքակազմերին։  Այս համատեքստում Պիտեր Հելքը ներկայացրեց Դանիայում և եվրոպական մի շարք այլ երկրներում ձևավորված փորձը, կիրառվող մեխանիզմները։

ՀԱԳՄ փոխնախագահ Ներսես Կարամանուկյանն անդրադարձավ պետություն–մասնավոր հատված երկխոսության՝ Հայաստանում գործող եղանակներին, դրանց արդյունավետության բարձրացմանն ուղղված նախաձեռնություններին, ներկայացրեց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության գործունեության ներկայիս առաջնահերթությունները»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ եռօրյա այցի շրջանակներում Պիտեր Հելքը հանդիպումներ է ունեցել ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կլիմայական քաղաքականության վարչության գլխավոր մասնագետ Ոսկեհատ Իսախանյանի, Երևանի և հարակից մարզերի կին գործատուների միության անդամների, Գինու ազգային կենտրոնի նախագահ Ավագ Հարությունյանի հետ։ 

Նախատեսված են նաև հանդիպումներ Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության նախագահ Արմեն Բալդրյանի, «Շտիգեն» ՍՊԸ տնօրեն Հայկ Շեկյանի, «Անտարես» հոլդինգի նախագահ Արմեն Մարտիրոսյանի հետ։ Դանիացի հյուրը կայցելի նաև Երևանի պետական համալսարան, կհանդիպի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների հետ։  

Published by Armenpress, original at https://armenpress.am/hy/article/1213047