Հայաստանում հարկերի աճը կմեծացնի ստվերային բիզնեսը. Քառյան

 Հայաստանում  հարկերի բարձրացումը կարող է հանգեցնել փոքր և միջին բիզնեսի մի մասի փակման ու արտագաղթի հարկման ավելի հարմարավետ ռեժիմով  երկրներ:
«Հայաստանի ներկայիս իշխանություններն ասում են, թե փոքր և միջին բիզնեսին արտոնություններ են տրվել՝ ժամանակի ընթացքում ոլորտի ուժեղացման և ավելի բարձր հարկեր վճարելու ակնկալիքներով։ Այս փաստարկը համարում եմ, մեղմ ասած, անխոհեմ։ Այսինքն՝ գործարարը 15 տարի առաջ, ենթադրենք՝ 25 տարեկանում, փոքր ձեռնարկություն է բացել, իսկ հիմա նրան ասում են ՝ «դու արդեն 40 տարեկան ես, բայց քանի որ խոշոր բիզնես չես մտել՝ հիմա դադարեցրու գործունեությունդ»։ Իսկ ինչպե՞ս վարվել սկսնակ գործարարների հետ, ովքեր չեն հասցրել օգտվել «նախկին» արտոնություններից և նոր-նոր են առաջին քայլերն անում: Ասել նրանց, որ իրենց գնացքը գնացե՞լ է, պետք է ծնվեին 15 տարի շո՞ւտ։ Դա անթույլատրելի է», - ասուլիսում ասել է   «Լոգիկա» անկախ գործարար և ֆինանսատնտեսական հետազոտությունների կենտրոնի նախագահ, տնտեսագիտության թեկնածու, ԵՊՀ և ՀՌՀ դոցենտ Արա Քառյանը:
 Քառյանի կարծիքով, նման փոփոխությունների արդյունքում չի բացառվում, որ կսկսի փոքրանալ տեղական արտադրանքի շուկան, որտեղ աստիճանաբար կմեծանա այլ երկրներից ներմուծվող ապրանքների տեսակարար կշիռը՝ դառնալով, այսպես կոչված, «ներմուծման փոխարինում, բայց հակառակ ձևով», ինչը կհանգեցնի  գնաճի հերթական փուլի:
Քառյանը  չբացառեց նաև իրադարձությունների զարգացման մեկ այլ սցենար՝ հարկերի բարձրացման հետևանքով փոքր ու միջին բիզնեսի փակում և ստվերային տնտեսության չափերի աճ։