Քննարկվել են ՀՀ-ում ու Իրանում բեռնատարներից ճանապարհային հարկեր գանձմանը վերաբերող հարցեր

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Հակոբյանի հետ Թեհրանում հանդիպել են ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ֆարզանեհ Սադեղի և նախարարի տեղակալ Ռեզա Ակբարիի հետ:
Կողմերը ողջունել են երկու երկրների միջև համագործակցությունը տրանսպորտի ոլորտում:
 Հանդիպումների ընթացքում քննարկվել են երկու երկրներում բեռնատարներից գանձվող ճանապարհային հարկերը փոխադարձ նվազեցնելու և/կամ չեղարկելու հարցերը:
 Կողմերը համաձայնել են մասնագիտական խմբերի հանդիպում կազմակերպել առաջիկայում` քննարկելու գանձվող ճանապարհային հարկերի երկուստեք արտոնությունների տրամադրման հնարավոր տարբերակները:
 Քննարկվել են նաև ավտոմոբիլային բեռնափոխադրումների թվայնացման, մասնավորապես` e-CMR բեռնագրերի կիրառման հետ կապված հարցեր:
 Պայմանավորվածություն է ձեռք բերվել խորացնել հարաբերությունները բեռնափոխադրումների թվայնացման ոլորտում: