Սոցփաթեթների ընդգրկումը կմեծանա

Առողջապահության ոլորտն անցում է կատարել անկանխիկ վճարմանը, ինչը հանգեցնում է թե՛ թափանցիկության, թե՛ նաև ընդհանուր առմամբ մեր հարկային մուտքերին, որպեսզի հենց առողջապահության համար, օրինակ, պետությունը շարունակի ծախսերը մեծացնել։ 

«Մենք պիտի խրախուսենք, պետք է նաև ցույց տանք, որ անկանխիկ վճարումների մասով մենք մի քանի կարևոր ձեռքբերումներ ենք ունենում։ Անկանխիկ վճարումների պարագայում քաղաքացիների համար ավելի ընդլայնված ծրագրեր են լինելու, դրա համար այսօրվանից էլ մենք պետք է մեր վճարումները փոխենք անկանխիկի։

Կարծում եմ՝ վճարման այս նոր ձևաչափը լրիվ արդեն մտել է մեր առօրյա, դարձել է սովորական, և եթե մենք այս պարզ մեթոդից էլ կարող ենք օգուտներ քաղել, ինչու՞ չօգտվենք»,- այսօր մամուլի ասուլիսում ասել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Ըստ նրա, ընդլայնվելու է սոցիալական փաթեթների շահառուների ցանկը:

 «Այսօրվանից մենք նաև հնարավորություն ենք ընձեռելու, որ սոցփաթեթի շրջանակներում ապահովագրության հնարավորությունը դառնա հասանելի նաև այս անձանց համար, որոնք աշխատում են, եկամտահարկ են վճարում և այդ վճարած եկամտահարկի հետ վերադարձի միջոցով կարող են ապահովել նույնական փաթեթ ինչ-որ այլ աշխատակիցները։ Ես առաջիկայում մենք հանդիպում ունենք ապահովագրական ընկերությունների հետ, ես հանդիպելու եմ նաև տարբեր ՊՈԱԿ-ների, ՀՈԱԿ-ների և այլ կազմակերպաիրավական ձև ունեցող կազմակերպությունների աշխատակիցների հետ, արմիությունների հետ, որպեսզի մանրամասն ներկայացնենք, թե ինչպես կարող են այս աշխատողները ևս ունենալ սոցփաթեթին հավասարեցված ծառայություններ՝ սոցիալական կրեդիտի միջոցով»,- ասել է նա: