ՀՀ համայնքներում իրականացվել է էներգաարդյունավետությանն ու էներգախնայողությանը միտված կարևոր ծրագիր
Երևանում կայացավ «Փոքրածավալ վերականգնվող էներգիայի և էներգաարդյունավետության միջոցառումներ հանրային շենքերում և տնային տնտեսությունների փորձնական ջերմամեկուսացում» ծրագրի փակման միջոցառումը։
Ծրագրի նպատակն էր երեք թիրախային մարզերի սահմանամերձ, բարձր լեռնային վայրերում գտնվող, տնտեսական ցածր ցուցանիշներ ունեցող, այդ թվում չգազաֆիկացված բնակավայրերում և համայնքներում ցուցադրել էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի օգուտները, օգնել համայնքներին կրճատել կոմունալ ծախսերը և խնայել միջոցներ՝ համայնքների կանաչ տնտեսական զարգացման համար։ Կարևոր է նաև Հայաստանում նվազեցնել էլեկտրաէներգիայի օգտագործման ծավալը, հանածո վառելիքի օգտագործումը, օգնել նվազեցնել հատկապես վառելափայտի օգտագործումը և նպաստել անտառների պահպանությանը։
Բնապահպանական և համայնքային կարևոր նշանակություն ունեցող այս ծրագրի շրջանակում Էներգախնայողության աջակցման հիմնադրամը Լոռու, Տավուշի և Գեղարքունիքի մարզերի էներգետիկ տեսանկյունից խնդրային համայնքներում՝ համայնքային շենքերում և հատկապես ցածր եկամուտ ունեցող խոցելի տնային տնտեսություններում իրականացրել է էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի խթանման կարևոր միջոցառումներ, որոնք միտված են համայնքների տնտեսական կայունության ու էներգետիկ ինքնաբավության բարձրացմանը, բնակչության կենսապայմանների բարելավմանն ու շրջակա միջավայրի պահպանությանը:
Լոռու, Տավուշի և Գեղարքունիքի մարզերում իրականացվել են էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի խթանման միջոցառումներ՝ «ԵՄ-ն հանուն Հայաստանի համայնքներում էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի» ծրագրի շրջանակում, որը համաֆինանսավորվել է Եվրոպական միության և Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից և իրականացվել Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից՝ որպես «ԷԿՈսերվ» Հայաստան ծրագրի մաս:
Աղբյուրը՝ armenpress.am