Հայաստանը և ՕՊԵԿ միջազգային զարգացման հիմնադրամը կխորացնեն համագործակցությունը

Վիեննայի միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել ՕՊԵԿ (Նավթ արտահանող երկրների կազմակերպություն) միջազգային զարգացման հիմնադրամի նախագահ Աբդուլհամիդ Ալխալիֆայի հետ։ 

Ավստրիայում Հայաստանի դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջը տեղեկացնում է, որ Հիմնադրամի նախագահը բարձր է գնահատել Հայաստանի հետ ընթացող համագործակցությունը և գոհունակություն հայտնել Հիմնադրամի՝ ՀՀ առաջնահերթություններից բխող աջակցության ծրագրերի արդյունքների վերաբերյալ։ 

Դեսպան Հովհաննիսյանը երախտագիտություն է հայտնել Հիմնադրամի կողմից տարիներ շարունակ Հայաստանին ցուցաբերվող աջակցության համար, որը դրական ազդեցություն է ունեցել ՀՀ զարգացման օրակարգի վրա։ 

Կողմերը պատրաստակամություն են հայտնել խորացնելու Հայաստանի և ՕՊԵԿ միջազգային զարգացման հիմնադրամի միջև համագործակցությունը։

Աղբյուրը՝ armenpress.am