«Փետրվարին օդի որակը գտնվել է անառողջ միջակայքում». Ավինյան
Երևանի շինհրապարակներում տեղադրված 165 կայաններից ստացված տվյալների համաձայն փետրվարին օդի որակի միջինացված արժեքը PM 2.5-ի համար միջինացված կազմել է 109, իսկ PM 10-ի համար՝ 51, ինչը չափավոր կամ զգայուն խմբերի համար գտնվում են անառողջ միջակայքում: Այս մասին այսօր՝ մարտի 3-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրհրդակցության ժամանակ զեկուցեց Բնապահպանության վարչության պետ Սիրարփի Հայկազյանը։
Նա նաև տեղեկացրեց, որ փետրվարի 20-ից 28-ն ընկած միջակայքում, պայմանավորված եղանակային պայմաններով, օդի որակի ցուցանիշները գտնվել են 30-75 միջակայքում՝ լավ կամ չափավոր։
Ավինյանն էլ կարևորեց հիշեցնելը, թե այդ խոսակցությունները և քննարկումները որտեղից են սկսել և նշեց, որ Երևանի ավագանին պարտադրել էր 4 կարգի ռիսկայնություն ունեցող շինհրապարակներում տեղադրել օդի որակի չափող սարքեր, որոնք միացված են ընդհանուր ցանցին։
«Այս իրավիճակը, հատկապես ձմեռային սեզոնին, մենք տարիներ շարունակ ունեցել ենք և այն պայմանավորված է եղել ոչ այնքան մարդածին գործոններով, որքան՝ սեզոնի»,-ասաց Ավինյանը և նշեց, որ պետք է պարբերաբար հիշեցնել քաղաքապետարանի ընդունած օդի որակի բարելավման քառամյա ծրագրի մասին, որտեղ պետք է լինեն հստակ թվային նպատակներ, որոնց պետք է մոտենան 4 տարվա ընթացքում։