Վիճակագրական կոմիտեն պարզաբանել է կյանքի սպասվող միջին տևողության ցուցանիշի հաշվարկի մեթոդաբանությունը
Կյանքի սպասվող միջին տևողության նվազումը 2020-2021թթ.-ին պայմանավորված է այդ տարիներին մահվան դեպքերի աճով (COVID համավարակի և 44-օրյա պատերազմի հետևանքներով), և այդ ցուցանիշը հաջորդող տարիներին մահացության նվազմանը զուգընթաց վերականգնվել է: Այս մասին հայտնեցին ՀՀ վիճակագրական կոմիտեից (Արմստատ)։
Փետրվարի 28-ին ԱԺ-ում տեղի ունեցած քննարկումների ժամանակ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը նշել էր, որ «2018-2021թթ.-ին կյանքի սպասվող տևողությունը Հայաստանում 75.6 տարուց նվազել է մինչև 72.4 տարի: Այսինքն, հայերը 4 տարով պակաս են ապրում»: Ըստ իրեն, մեկ տարում Վիճակագրական կոմիտեն այդ ցուցանիշը դարձրել է 77.7 տարի՝ ավելացնելով այն 3.5 տարով: Բագրատյանի խոսքից հետևում է, որ Վիճակագրական կոմիտեն կամայականորեն է հաշվարկում կյանքի սպասվող տևողության ցուցանիշը:
Խնդիրը պարզաբանել է Վիճակագրական կոմիտեի նախագահի խորհրդական Կարինե Կույումջյանը: «Կամայականության մասին խոսք լինել չի կարող:
Նախ, հարկ է հանրությանը տեղեկացնել այդ տվյալների հաշվարկի միջազգայնորեն սահմանված մեթոդաբանության մասին, ինչը կիրառվում է նաև Արմստատի կողմից՝ Հայաստանի բնակչության կյանքի սպասվող միջին տևողության հաշվարկի համար՝ ըստ Մահացության աղյուսակի (Life Table/Таблица Смертности): Ընդ որում, ինչպես յուրաքանչյուր վիճակագրական արտադրանքի համար, բնակչության կյանքի սպասվող միջին տևողության հաշվարկի համար ևս, համապատասխան մեթոդաբանական պարզաբանումներ են ներկայացված նաև վիճակագրական հրապարակումներում, որպեսզի սպառողը տեղյակ լինի տվյալների արտադրության համար կիրառվող գործիքների մասին:
Ըստ այդմ, կյանքի սպասվող տևողությունը ներկայացնում է ծննդյան պահից տարիների այն թիվը, որ տվյալ տարում ծնվող սերունդը միջին հաշվով կապրի, պայմանով, որ այդ սերնդի ողջ կյանքի ընթացքում մի տարիքից հաջորդին անցնելիս, մահացությունը՝ յուրաքանչյուր տարիքում, հավասար կլինի բնակչության մահացության տվյալ ժամանակահատվածի՝ տարվա մակարդակին, այսինքն` յուրաքանչյուր տարվա համար, խնդրո առարկա ցուցանիշների հաշվարկը (ընդամենը բնակչության, տղամարդու/կնոջ, գյուղական բնակչության, տղամարդու/ կնոջ, քաղաքային բնակչության, տղամարդու/կնոջ համար) հիմնված է տվյալ տարվա մահացության սեռատարիքային կառուցվածքի և տվյալ տարվա բնակչության սեռատարիքային կառուցվածքի վրա: Մեթոդաբանական պարզաբանումների մանրամասները ներկայացված են Արմստատի կայքում՝ հետևյալ հղումների ներքո. «Մահացություն և կյանքի սպասվող տևողություն»՝ https://armstat.am/am/?nid=836&pid=1404, Որակի հռչակագիր - Կյանքի սպասվող տևողություն՝ https://armstat.am/file/Qualitydec/am/14.7.pdf:
Ստորև ներկայացվում են 2018-2023թթ. համար մահացության բացարձակ ցուցանիշները և կյանքի սպասվող միջին տևողության ցուցանիշները՝ հաշվարկված ծննդից.
Ավելին, վերը հիշատակված ժողովածուի մաս 5-ի, 5.13՝ «Կյանքի սպասվող միջին տևողությունն ըստ առանձին տարիքների, 2023թ.» աղյուսակում[3] ներկայացված են նաև յուրաքանչյուր 5 տարվա լագով կյանքի սպասվող միջին տևողության ցուցանիշները 2023թ. համար, որտեղից երևում է, որ 77.7 տարին վերաբերում է 2023թ.-ին ծնվածների կյանքի սպասվող միջին տևողությանը՝ հաշվարկված 2023թ.-ին գրանցված մահացության ցուցանիշների հիման վրա:
Այնպես որ, առանց մեթոդաբանական պարզաբանումների հայտարարությունները իրականության հետ որևէ աղերս չունեն»: