Ժամանակավոր լուծման փոխարեն՝ կասեցում և քննարկում․ ՓՄՁ-ն դժգոհ է Հարկային օրենսգրքի փոփոխություններից

Կառավարությունը վերջին նիստում հաստատել էր Առևտրական գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարող տնտեսավարող սուբյեկտների աջակցության ծրագիրը: Նպատակը հարկային բեռի համաչափությունն ապահովելու համար այդ տնտեսվարողներին աջակցելն է, որպեսզի նրանք կարողանան 2025 թ. հունվարի 1-ի դրությամբ առկա ապրանքային մնացորդները իրացնեն: ՓՄՁ ներկայացուցիչների մի մասը այսօր կրկին կառավարության շենքի առջև էր։

Կասեցում՝ ժամանակավոր լուծման փոխարեն։ ՓՄՁ ներկայացուցիչները երեկ կրկին կառավարության շենքի մոտ էին հավաքվել։ Նրանք դժգոհ են Հարկային օրենսգրքի փոփոխություններից։ ՓՄՁ ներկայացուցիչների ձևակերպմամբ՝ այդ փոփոխություններով վարչարարությունն ավելացել է։ Բայց սա միակ խնդիրը չէ։

Բողոքի ակցիայի մասնակից Կարինե Գևորգյան․ «Մեր հստակ պահանջն է, որ փուլ առ փուլ քննարկեն, գան լուծման, որից ոչ հարկատուն կշահի, ոչ էլ պետությունը։ Լինի ոսկե միջինը։ Գիտե ՞ք, թե ինչ է նշանակում պարզեցված հաշվառում․ քաղաքացին ազատված է հաշվապահական հաշվառումից։ Կասան կխփի, կմուծի իր հարկը ու վերջ։ Եթե դժգոհ են, որ քիչ ենք վճարում, թող ստուգողները շատ լինեն, մենք դրանից չենք նեղվում։ Երբևէ տեսե՞լ եք, որ գանք, ասենք՝ հարկայինը օրը մեջ շուկա է մտնում»։

Մոտ երկու ամիս է, ինչ փոքր և միջին ձեռնարկատերերը դժգոհ են օրենսդրական փոփոխություններից։ 2025 թ. հունվարի 1-ից ուժի մեջ է մտել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը, որով վերանայվել է շրջանառության հարկի դրույքաչափը։  Եվ ահա, գործադիրն իր վերջին նիստում հաստատեց առևտրի ոլորտում աշխատող տնտեսվարողների աջակցության ծրագիրը։ Այն նպատակ ունի հարկային բեռի համաչափությունն ապահովելու համար տնտեսավարողներին աջակցել 2025 թ. հունվարի 1-ի դրությամբ առկա ապրանքային մնացորդները իրացնելու հարցում: Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հստակեցնում է՝ իրենց գնահատմամբ անցումային շրջանը կտևի մոտ վեց ամիս․

«Շրջանառության հարկ վճարողները կկարողանան ցածր հարկային բեռի միջավայրում իրացնել նախկինում առանց փաստաթղթերի ձեռք բերված ապրանքները։ Շրջանառության հարկ վճարողները կարող են 2025 թվականի հունվարի 1-ի դրությամբ առկա փաստաթղթերով հիմնավորված ապրանքային մնացորդի մասով հարկից լրացուցիչ նվազեցում կատարելու հնարավորություն ստանալ»

Հարկ վճարողին աջակցությունը տրամադրվում է, եթե նա 2024 թվականին իրականացրել է առևտրական գործունեություն, 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ և աջակցության ստացման հաշվետու եռամսյակներում բացառապես շրջանառության հարկ վճարող է, դիմումի ներկայացման օրվա նախորդ օրվա դրությամբ ամբողջությամբ կատարել է վճարման ենթակա շրջանառության հարկի պարտավորությունները:

«Եռամսյակի արդյունքներով առևտրական գործունեությունից շրջանառության հարկի գումարը գերազանցում է այդ գործունեության մասով ձևավորվող իրացման շրջանառության 5 տոկոսը, կամ հարկ վճարողի մոտ առկա է նախորդ եռամսյակներում կատարված ծախսերի մասով շրջանառության հարկի գումարի չնվազեցված և փոխանցված գումար: Հարկային մարմին են ներկայացրել առևտրական գործունեության մասով 2025 թվականի հունվարի 1-ի դրությամբ ապրանքային մնացորդի մասին տեղեկատվություն»:

Ծրագրի շրջանակներում աջակցությունը տրամադրվելու է 2025 թվականի առաջին և երկրորդ եռամսյակների համար։ Աջակցություն ստանալու համար հարկ վճարողը պետք է հարկային մարմին՝ compensation@taxservice.am էլեկտրոնային փոստի հասցեին ներկայացնի նախագծով սահմանվող ձևին համապատասխան դիմում: 2025 թվականի առաջին եռամսյակի համար այն կարող է ներկայացվել մինչև 2025 թվականի մայիսի 10-ը ներառյալ, իսկ 2025 թվականի 2-րդ եռամսյակի համար՝ մինչև 2025 թվականի օգոստոսի 1-ը ներառյալ։

Վարչապետը կարևորում է որոշումը. «Մենք մի կողմից ասում ենք, որ պայքարում ենք ստվերի դեմ, մյուս կողմից օրենսդրական միջանցքներ ենք ստեղծել ստվերի աճի համար: Եվ դրա թիվ 1 միջանցքը շրջանառության հարկն էր, շրջանառության հարկի այն տրամաբանությունը, որը մենք դրել ենք»:

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը մատնանշում է՝ հավելյալ խթան են ստեղծել փաստաթղթով աշխատողների համար։ Նախագիծը բիզնեսին աջակցելուն է ուղղված՝ արձանագրում է Նիկոլ Փաշինյանը։ ՓՄՁ ասոցացիայի նախագահ Հակոբ Ավագյանը հակադարձում է՝ ծրագիրը միայն առևտրով զբաղվողներին է վերաբերում․

«Սա բարձրացրած խնդիրը ֆունդամենտալ չի լուծում, այլ որոշակի, այսպես ասած, խրախուսական տարր է պարունակում։ Գլոբալ առումով խնդիրը, ինչի դեմ բողոքում է փոքր ու միջին բիզնեսը, չի լուծվում։ Կարճաժամկետում գուցե առևտրային գործունեությամբ զբաղվողները օգտվեն, բայց ունենք այլ ոլորտներ նույնպես՝ արտադրության ոլորտն անտեսված է, նույնը վերաբերում է նաև ծառայություն ոլորտին։ Ընդհանուր առմամբ,  շրջանառության հարկի գաղափարախոսությունը խախտվել է, հիմա փորձում են ինչ-որ կարկատաններով լուծել ու ավելի ենք խճճվում»։

ՊԵԿ տվյալներով՝  2024 թվականի համար միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու մասին հայտարարություն է ներկայացրել 57 773 հարկ վճարող։

Աղբյուրը՝  hy.armradio.am